2025թ. 7-րդ շաբաթվա (10.02-16.02.2025թ.) ընթացքում ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն: Շարունակում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի, ինչպես նաեւ Գրիպ Բ տեսակի հարուցիչները։ Այլ շնչառական վարակներից՝ ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ադենովիրուսի, ռինովիրուսի եւ կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ։ Այս մասին ArmLur.am-ին հայտնել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից։
2025թ. 7-րդ շաբաթվա ընթացքում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել է 10739 պացիենտ. ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ գտնվում է գրեթե միեւնույն մակարդակի վրա, 2024 թվականի միեւնույն ժամանակահատվածի համեմատ բարձր է 1.2 անգամ։ Ընդհանուր դեպքերի 75.2%-ը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում։ Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ նշված ժամանակահատվածում թոքաբորբով դիմել է 983 պացիենտ, նախորդ շաբաթվա համեմատ ցուցանիշը նվազել է 1.1 անգամ, իսկ 2024թ. միեւնույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը բարձր է 2.9-ով։ Ընդհանուր դեպքերի 66.8%-ը կազմում են 0-18 տարեկանները։ Նշված ժամանակահատվածում ՀՀ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում ՍՇՎ-ներով հոսպիտալացվել է 863 պացիենտ, որոնց 92.4%-ը կազմում են 0-18 տարեկանները։ Նախորդ շաբաթվա հոսպիտալացումների համեմատ այն գտնվում է գրեթե միեւնույն մակարդակի վրա։ Թոքաբորբով հոսպիտալացվել է 597 պացիենտ, որոնց 59.9%-ը կազմում են 0-18 տարեկանները, նախորդ շաբաթվա համեմատ ցուցանիշը նվազել է 1.1 անգամով։ ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի, ինչպես նաեւ Գրիպ Բ տեսակի հարուցիչները։ Այլ շնչառական վարակներից՝ ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ադենովիրուսի, ռինովիրուսի եւ կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ։ Սույն թվականի փետրվարի 16-ի դրությամբ վերակենդանացման բաժանմունքներ ծանր սուր շնչառական վարակներով, թոքաբորբերով դիմել է 70 պացիենտ, որից 58-ը՝ 0-18 տարեկաններ։ 2025թ. փետրվարի 17-ի դրությամբ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 54 դեպք, ինչը նախորդ 14 օրվա համեմատ աճել է 3 դեպքով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերը ցածր են 1.6 անգամ:
Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 23 դեպք, ինչը նախորդ 7 օրվա համեմատ նվազել է 8 դեպքով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերը ցածր են 1.5 անգամ:
2025թ. փետրվարի 17-ի դրությամբ ՀՀ դպրոցներում սուր շնչառական վարակներով ընդհանուր հիվանդացությունը կազմել է 1.9%, իսկ բացակաների թվից կազմել է 23.7%: Նախորդ՝ 2024 թվականի միեւնույն ժամանակահատվածում արձանագրված սուր շնչառական վարակներով պայմանավորված ընդհանուր հիվանդացությունը կազմել է 1.2%, իսկ բացակաների թվից կազմել է 20.1%:
Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԱՊԱՐԴՅՈՒՆ ԿԵՐՊՈՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ
Տավուշի մարզպետարանը հայտարարել է Բերդ համայնքի Վերին Ծաղկավանի միջնակարգ դպրոցում «Հայոց լեզու եւ գրականություն» (20 դասաժամ), «Ռուսաց լեզու» (22 դասաժամ), «Մաթեմատիկա» (15 դասաժամ), զինղեկ (ՆԶՊ) (5 դասաժամ), դասվար (20 դասաժամ), «Պատմություն» (20 դասաժամ), «Թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն» (10 դասաժամ) առարկաների ուսուցիչների թափուր տեղերի մրցույթի մասին։ Մրցույթը պետք է կայանար հունվարի 29-ին։ Վերին Ծաղկավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Ռաշոյանից տեղեկացանք, որ մրցույթով միայն ՆԶՊ-ի ուսուցչի թափուր հաստիքն է համալրվել, մնացած դասաժամերը զբաղեցնելու հավակնորդներ չեն եղել: Դպրոցի տնօրենը հայտնեց, որ ունեն ուսուցիչներ որոնք դրույքաչափից՝ 20 դասաժամից ավելի ժամաքանակ ունեն, մրցույթը հայտարարվել էր այդ ավելի դասաժամերը դասավանդելու նպատակով ուսուցիչներ աշխատանքի ընդունելու համար։ Մրցույթի փաստացի չկայանալուց հետո այդ դասաժամերը կշարունակեն պարապել այն ուսուցիչները, որոնք այժմ դրանք դասավանդում են։ Ն. Ռաշոյանից տեղեկացանք, որ այդ դպրոցում աշխատող 25 ուսուցիչներից ու ուսուցիչների օգնականներից 5-ը կենսաթոշակառու են։ Ավելի վաղ Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ), հայոց լեզվի եւ գրականության (6 դասաժամ), ռուսաց լեզվի (10 դասաժամ), տեխնոլոգիայի (4 դասաժամ), կերպարվեստի (2 դասաժամ), ինֆորմատիկայի, թվային գրագիտության եւ համակարգչային գիտության (10 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար։ Մրցույթը պետք է տեղի ունենար 2024թ. դեկտեմբերի 25-ին։ Հովքի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լալա Ղուկասյանից տեղեկացանք, որ մրցույթը չի կայացել, քանի որ ոչ մի մասնակից չի եղել։ Տավուշի մարզպետարանից տեղեկացել ենք, որ 2023-2024ուսումնական տարվա շեմին եւ ուսումնական տարվա ընթացքում, բուհի դիպլոմ չունենալու պատճառով, աշխատանքից ազատվել է Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատող 55 ուսուցիչ։ Նրանք թեեւ չունեին բուհի դիպլոմ, ունեին միջնակարգ մասնագիտական կրթական հաստատության դիպլոմ, սակայն նրանցից շատերը երկար տարիների մանկավարժական աշխատանքի հաջողված փորձ ունեին։ Բուհի դիպլոմ չունեցող 55 ուսուցիչների աշխատանքին ազատել են ու հիմա ուսուցիչներ են որոնում, մարզի դպրոցներում բազում թափուր հաստիքներ կան, տարեց, կենսաթոշակառու շատ ուսուցիչներ շարունակում են աշխատել։ Տավուշի մարզում ուսուցիչների համեմատաբար ցածր աշխատավարձը, լարված, նյարդային աշխատանքը հրապուրիչ չի դարձնում ուսուցչի աշխատանքը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ























