«Ֆլայ Արնան» սնանկ է ճանաչվել իր հիմնադիր Air Arabia-ի դուստր ընկերության պահանջով․ «Հետք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հետք»-ը գրում է․ «Հունվարի 27-ին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով, սնանկ է ճանաչվել Սնանկության դատարանի կողմից:

Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերին հիմնադրված ու 2022-ի հուլիսին թռիչքները մեկնարկած ավիաընկերությունը թռիչքային գործունեությունը դադարեցրեց 2024-ի հունվարին, իսկ նույն տարվա մարտին հայտնի դարձավ, որ ընկերությունը փակվում է:

«Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի հիմնադիրները երեքն են՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (49 %), որն առավել հայտնի է ԱՆԻՖ անունով եւ պետական ընկերություն է, արաբական Շարժայում բազավորվող Air Arabia ավիաընկերության դուստր համարվող International Business Company (FZE)-ն (49 %), ինչպես նաեւ լիբանանահայ տնտեսագետ, գործարար Վարուժան Ներգիզյանը, որը ներգրավված է արաբական աշխարհի ֆինանսաբանկային ոլորտում:

«Ֆլայ Արնայի» կառավարիչ կազմակերպությունը Air Arabia-ն էր: Հայ-արաբական համատեղ ավիաընկերության անմիջական գործադիր ղեկավարը՝ գլխավոր գործադիր տնօրենը, Air Arabia-ի ներկայացուցիչ Էնթոնի Փրայսն էր:

«Ֆլայ Արնայի» երկու խոշոր բաժնետերերի՝ ԱՆԻՖ-ի (իսկ ավելի ճիշտ՝ ՀՀ կառավարության) ու Air Arabia-ի միջեւ հակասություններ էին ծագել դեռ 2023-ին, որոնք վերաճեցին բացահայտ առճակատման 2024-ի սկզբին՝ իրենց հետքը թողնելով ավիափոխադրողի գործունեության վրա:

Հիշեցնենք, որ 2024-ի մարտին «Ֆլայ Արնայի» աշխատողները ծանուցումներ են ստացել աշխատանքից ազատվելու մասին, իսկ ապրիլին պարզել էին, որ Էնթոնի Փրայսը հեռացել է Հայաստանից: Շեշտենք՝ Air Arabia-ն ինքն է հրաժարվել «Ֆլայ Արնայի» կառավարումից, ինչը հայկական կողմի համար անակնկալ է եղել: Ու չնայած ավիաընկերությունը մնացել էր առանց տնօրենի, արաբները չէին համաձայնել հայկական կողմի տարբերակին՝ նշանակել նոր տնօրեն՝ աշխատողների աշխատավարձերի հարցը լուծելու համար (վճարումներ կատարելու համար պետք էր ղեկավարի ստորագրությունը): Air Arabia-ի իրավաբանական բաժնի ղեկավարը «Ֆլայ Արնայի» ազատված աշխատակիցներին հայտնել էր, որ փոխադրողի անմիջական սեփականատերերը՝ արաբական International Business Company (FZE)-ն (Air Arabia-ի դուստրը) եւ հայկական ԱՆԻՖ-ը, բանակցություններ են վարում «Ֆլայ Արնայի» անհրաժեշտ լուծարման վերաբերյալ, որի շրջանակներում կնշանակվի լուծարման հանձնաժողով՝ աշխատավարձերը վճարելու եւ ընկերությունը պաշտոնապես փակելու համար: Արաբական կողմի ներկայացուցիչը նշել էր, թե դա բարդ գործընթաց է ու պահանջում է բոլոր բաժնետերերի համաձայնությունը, սակայն ԱՆԻՖ-ը համաձայն չէ առաջարկված քայլերին:

Իրենց հերթին ավիաընկերության աշխատողները «Հետքի» հետ զրույցում կարծիք էին հայտնել, որ արաբներին ձեռնտու չէ լուծարման հանձնաժողովի միջոցով ընկերությունը փակելը, քանի որ պարտատերերի, այդ թվում՝ իրենց հանդեպ պարտավորությունները կատարելու համար ընկերության բաժնետերերը ստիպված կլինեն նոր ներդրումներ անել, ինչը, ըստ աշխատակիցների, Air Arabia-ն չէր ցանկանում:

Ու քանի դեռ երկու կողմերը համաձայնության չէին գալիս, թե ինչպես պետք է լուծարվի «Ֆլայ Արնան», ասպարեզ է եկել վերջինիս օդանավերի վարձատուն՝ պահանջելով իր փողերը: Իսկ իրականում այդ վարձատուն Air Arabia-ի դուստր ընկերությունն է, այլ կերպ ասած՝ «Ֆլայ Արնայի» սնանկացման «հեղինակը» Air Arabia-ն է:

Իռլանդական Impact Aviation Services Limited-ը հիմնադրվել է 2022-ին եւ 100 %-ով պատկանում է Air Arabia-ին: Ընկերությունը զբաղվում է լիզինգային պայմանագրերի կառավարմամբ:

2024-ի օգոստոսին իռլանդական ընկերությունը դիմել է ՀՀ սնանկության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն: Սակայն դատարանը դիմումը վերադարձրել է, քանի որ փաստաթղթերում թերություններ են եղել: Սեպտեմբերին Impact Aviation Services Limited-ը նորից է դիմել: Այս անգամ դատավոր Գարիկ Ավագյանը դիմումը վարույթ է ընդունել:

Վարույթ ընդունելու մասին որոշումն ու մնացած փաստաթղթերը դատարանն ուղարկել է պարտապանին՝ «Ֆլայ Արնային» (վերջինս գործում էր «Զվարթնոց» օդանավակայանի նախկին VIP շենքում), որպեսզի ընկերությունը սահմանված ժամկետում հնարավորություն ունենա վիճարկել սնանկությունը, սակայն փոստային առաքումն իրականացնող ընկերության կողմից փաստաթղթերը հետ են վերադարձվել «չպահանջված» պատճառաբանությամբ, այսինքն՝ հնարավոր չի եղել դրանք հանձնել «Ֆլայ Արնային»:

Հաշվի առնելով, որ դատավարական փաստաթղթերը հետ են վերադարձվել դատարան, ու պարտապանի գտնվելու վայրը բացահայտել հնարավոր չի եղել՝ դատարանը «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի, դրա տնօրենի, գույքի, ինչպես նաեւ հաշվապահական փաստաթղթերի նկատմամբ 2024-ի հոկտեմբերին հայտարարել է հետախուզում: Այստեղ երգիծանքն այն է, որ «Ֆլայ Արնայի» վերջին տնօրենը հենց Էնթոնի Փրայսն էր՝ Impact Aviation Services Limited-ի մայր ընկերության՝ Air Arabia-ի ներկայացուցիչը:

Անհաջող են եղել նաեւ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության փորձերը՝ գտնել ավիաընկերության տնօրենին, գույքն ու հաշվապահական փաստաթղթերը: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Սնանկության դատարանը 2024 թ. դեկտեմբերին որոշել է վարույթը շարունակել պարզեցված ընթացակարգով: Եվ ահա 2025 թ. հունվարի 27-ին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել:

«Ֆլայ Արնան» օդանավերի վարձատուին պարտք է մնացել 778 հազ. դոլար 

Impact Aviation Services Limited-ը դատարանին հայտնել է, որ «Ֆլայ Արնայի» հետ 2022-ի սեպտեմբերին ու նոյեմբերին կնքել է օդանավերի ենթավարձակալության պայմանագրեր: Դրանց հիման վրա «Ֆլայ Արնան» ստացել է Airbus A320 տիպի 2 հատ ինքնաթիռ. մեկը՝ 2022-ի սեպտեմբերին, մյուսը՝ նույն տարվա դեկտեմբերին: Սրանցից առաջինը Հայաստանում գրանցվել է որպես EK-YRB, իսկ երկրորդը՝ EK-YRC: Պայմանագրերով EK-YRB-ի վարձակալության համար «Ֆլայ Արնան» ամեն ամսվա առաջին օրը վարձատուին պետք է վճարեր 150.000 դոլար, իսկ EK-YRC-ի համար՝ 170.000 դոլար:

Նկատենք, որ 2023-ի նոյեմբերի սկզբին, երբ «Ֆլայ Արնայի» գործերն արդեն վատ ընթացք էին ստացել, EK-YRC-ն Երեւանից տեղափոխվել էր Շարժա, որտեղ բազավորվում է Air Arabia-ն: Նույն ամսվա վերջում ինքնաթիռը դուրս էր բերվել ՀՀ օդանավերի ռեգիստրից, այսինքն՝ «Ֆլայ Արնան» այլեւս դրա վարձակալը չէր:

Իռլանդական վարձատուն դատարանին հայտնել է, որ «Ֆլայ Արնայի» կողմից կուտակված ծախսերի համար 2023-ի դեկտեմբերի 31-ին ինքը դուրս է գրել շուրջ 180 հազ. դոլարի հաշիվ, սակայն պարտապանը վճարել է միայն մոտ 30 հազ. դոլար: 2024-ի հունվարի 31-ին իռլանդական ընկերությունը 3 հատ հաշիվ է դուրս գրել, որոնք վերաբերել են EK-YRB-ի մասով կուտակված պարտքերին: Ընդհանուր չափը կազմել է 148 հազ. դոլար, սակայն «Ֆլայ Արնան» այս հաշիվների դուրսգրումից հետո վճարումներ չի կատարել: Փետրվարի 1-ին Impact Aviation Services Limited-ը հաշիվ է դուրս գրել այդ ամսվա EK-YRB-ի վարձավճարի՝ 150 հազ. դոլարի համար, որը եւս չի վճարվել:

Հիշեցնենք, որ EK-YRB-ն 2024-ի հունվարի 16-ից հետո թռիչքներ չէր իրականացնում, բայց կանգնած էր «Զվարթնոցում» եւ գտնվում էր «Ֆլայ Արնայի» տրամադրության տակ:

Փետրվարի 28-ին իռլանդական վարձատուն «Ֆլայ Արնայից» պահանջել է վճարել 90.000-ական դոլար (ընդհանուր՝ 180 հազ. դոլար)՝ EK-YRC-ի ու EK-YRB-ի վերաառաքումների համար: Նկատենք, որ 2023-ի նոյեմբերին Շարժա տեղափոխված ու հայկական ռեգիստրից ապագրանցված EK-YRC-ն այդ նույն ամսից գտնվում էր Air Arabia-ի տրամադրության տակ, որի ավիապարկում ստացել է A6-AQH արաբական գրանցումը (մինչ օրս այս ինքնաթիռը շահագործվում է Air Arabia-ի կողմից): Ինչ վերաբերում է EK-YRB-ին, այն Շարժա է տեղափոխվել 2024 թ. փետրվարի 26-ին, սակայն մինչեւ մարտի սկիզբ շարունակել է գրանցված մնալ ՀՀ օդանավերի ռեգիստրում: Սա է պատճառը, որ մարտի 1-ին Impact Aviation Services Limited-ը կրկին 150 հազ. դոլարի հաշիվ է դուրս գրել՝ որպես այդ ամսվա EK-YRB-ի վարձավճար (Հայաստանից հեռանալուց հետո օդանավը մտել է Air Arabia-ի շարժակազմ որպես A6-ABM ու այսօր էլ թռիչքներ է կատարում):

ՀՀ օրենսդրությամբ՝ օդանավերը մեր երկրում գրանցվում եւ ապագրանցվում են սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի հայտի հիման վրա: Ստացվում է, որ 2024-ի հունվարի 16-ից «Զվարթնոցում» պարապ կանգնած EK-YRB-ն, մինչեւ մարտ ամսվա սկզբները մնալով «Ֆլայ Արնայի» տրամադրության տակ, Air Arabia-ի դուստր իռլանդական ընկերության համար լրացուցիչ 300 հազար դոլարի (փետրվար ու մարտ ամիսների վարձավճարը) «օդից եկամուտ» պիտի ապահովեր: Շեշտենք՝ այդ ընթացքում «Ֆլայ Արնայի» կառավարումը թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո իրականացնում էր հենց Air Arabia-ն: Ի՞նչ անուն տալ արաբների նման գործելաոճին, եւ ու՞ր էր այդ ժամանակ նայում հայկական կողմը՝ ԱՆԻՖ-ը/ՀՀ կառավարությունը:

Այսպիսով՝ Impact Aviation Services Limited-ի կողմից դուրս գրված 8 հաշիվներից «Ֆլայ Արնան» մասամբ վճարել է միայն մեկը, ինչի հետեւանքով ընդհանուր պարտքի չափը կազմել է 778 հազ. դոլար: Դատական ամբողջ գործընթացի ժամանակ այդպես էլ ի հայտ չեկած «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն չի վիճարկել իր սնանկությունը: Որեւէ ինֆորմացիա չկա նաեւ վերջինիս կողմից Սնանկության դատարանի վճիռը բողոքարկելու մասին:

Վճիռ կայացնելու նույն օրը՝ այս տարվա հունվարի 27-ին, դատարանը պարզաբանում է ուղարկել «Ֆլայ Արնայի» հասցեով՝ հայտնելով, որ վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից 20 օրվա ընթացքում պարտապանը պարտավոր է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի ու գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքի, կազմի, քանակի եւ գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնել սնանկության գործով կառավարչին: Փետրվարի 4-ին կառավարիչ է նշանակվել Սոֆյա Դավթյանը: Նույն օրը դատարանը որոշել է «Ֆլայ Արնային» պարտավորեցնել, որ այն կառավարչին ներկայացնի իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի ցանկը, իր պարտատերերի ու պարտապանների ցուցակը՝ համապատասխան տեղեկություններով, վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները, ֆինանսական առողջացման մտադրության մասին հայտարարությունը (առկայության դեպքում), տեղեկություններ այլ գույքային իրավունքների մասին:

Դատելով սնանկության գործի ընթացքից՝ կարող ենք եզրակացնել, որ առաջիկայում «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի լուծարման վարույթ է սկսվելու, այսինքն՝ ընկերությունը ոչ թե փորձելու է առողջանալ ու շարունակել գործունեությունը, այլ դրա գույքը (եթե այդպիսին հայտնաբերվի) հանվելու է աճուրդի, վաճառվի, իսկ վերջում հայտարարվի գործի ավարտի ու «Ֆլայ Արնայի» լուծարված լինելու մասին:

Հիշեցնենք, որ այս ճանապարհով է անցել նախկին պետական «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որի սնանկության գործը տեւեց 17 տարի՝ 2003-2020 թթ.: Ներկա պահին դեռեւս այդ ուղու վրա են միանգամից 3 հայկական ավիաընկերություններ՝ «Արմավիան», «Էյր Արմենիան» ու «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզը»:»




Լրահոս