
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական մամուլը բազմիցս գրել է ՀՖՖ-ում առկա անառողջ վիճակի մասին: Անցած ամիս լուրեր տարածվեցին, որ ՀՖՖ-ում ստուգումներ են, սակայն քանի որ այդ կառույցը չի պատասխանում հարցումների ու զանգերի, հնարավոր չեղավ այս անգամ ևս մանրամասն ճշտել, թե ինչ է տեղի ունենում: Մեր աղբյուրները հայտնում են, որ մասնավորապես ստուգումներ են եղել ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայում, որի տնօրենը, ըստ շրջանառվող լուրերի, Հակոբ Սիմիդյանի հովանավորյալն է:
Անցած շաբաթ լուր ստացանք, որ հարուցվել է քրեական գործ, և կա բերման ենթարկված անձ, ինչը ևս ճշտել չհաջողվեց, սակայն ՀՀ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ անձը կապ ունի ֆուտբոլային դաշտերի սպասարկման հետ (ունենք այդ անձի անուն-ազգանունը, բաց դեռ չենք հրապարակում): Առավել հատկանշական է այն, որ ֆուտբոլի ֆեդերացիայում տիրող բարքերին բազմաթիվ անդրադարձներին իշխանությունները նոր-նոր են սկսել ուշադրություն դարձնել, ինչը կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքներով: Նախ Մելիքբեկյան Արմենն ու իր տեղակալ Արմեն Նիկողոսյանը հայկական ֆուտբոլն իրոք գլորել են անդունդ. մեր տարբեր տարիքային հավաքականները խայտառակ արդյունքներ են գրանցում, ինչը հարուցել է բազմահազարանոց ֆուտբոլասերների բանակի աննկարագրելի զայրույթը, ու վերջիններս պահանջում են նրանց հրաժարականն ամբողջական կազմով: Բացի այդ, ՀՖՖ-ից սկսել են դուրս գալ կադրեր, որոնք սերտ կապ են ունեցել Մելիքբեկյանի հետ, և որոնց գործունեությունն առնչվել է ֆինանսների հետ: Մյուս կողմից, հայկական ֆուտբոլից դուրս են եկել ներդրողներ. թերևս ամենաթարմ ու ամենացցուն օրինակը Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հեռանալն է, ով համարվում էր ոլորտի խոշոր ներդրողներից, ինչպես նաև այս ամենի համատեքստում ՀՖՖ նախագահի հրաժարականն են պահանջում «Շիրակ» ակումբի սեփականատեր Արման Սահակյանը, և տարբեր ժամանակներում հրաժարականի պահանջը ներկայացրել են «Լոռի», «Սևան» և այլ ակումբների սեփականատերերը:
Ուժային կառույցների մեր աղբյուրները պնդում են, որ բազմաթիվ անգամներ քաղաքական ղեկավարությանը զեկուցվել է ՀՖՖ-ում տեղի ունեցող դեպքերի, առանձին անձանց կողմից խոշոր գույքերի ձեռքբերման, բանակից «անհասկանալի» ձևերով ազատումների և այլ իրադարձությունների մասին, սակայն սայլը կարծես թե նոր է տեղից շարժվում, և պատճառը թերևս ոչ թե ֆուտբոլով անհանգստանալն է, այլ սպասվող խորհրդարանական ընտրությունները:
Ի դեպ, օրեր առաջ մամուլում շրջանառվեց թիվ, համաձայն որի՝ Մելիքբեկյանի ղեկավարած կառույցն այս տարիների ընթացքում շուրջ 100 մլն եվրոյի գումար է ստացել տարբեր աղբյուրներից, դրա դիմաց սակայն մենք չունենք ո՛չ նոր մարզադաշտ, ո՛չ գոնե լուրջ ֆուտբոլային արդյունք:
Սպասենք դեպքերի նոր զարգացումներին և հույս ունենանք, որ տարիներ անց վերջապես նախկին լրագրող Արմենը վերջապես կսկսի շփվել լրատվամիջոցների հետ, կամ ՀՖՖ-ից կարձագանքեն հարցումներին. կյանքը ցույց է տալիս, որ գոնե խոսելն ու թեման ճոխ ներկայացնելը նրա մոտ լավ է ստացվում:
Վերջում հավելենք, որ ՀՀ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 296-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (Փողերի լվացումը խոշոր չափերով): Նախաքննությունը շարունակվում է»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: