«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Հայ Հեղափոխական Դաշնակցության» Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային Ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հետ: Զրուցել ենք ՀՅԴ-ում առկա լարվածության, խնդիրների, դժգոհությունների մասին: Նա ներկայացրել է, թե իրականում ինչ իրավիճակ է «Դաշնակցությունում», ու այդ դժգոհությունները ինչի պատճառ կամ հետեւանք են: Պատգամավորը խոսել է առաջիկայում կայանալիք՝ Գերագույն մարմնի ժողովի մասին։
-Պարո՛ն Սաղաթելյան, քննադատություն կա, որ ընդդիմությունը նստած է խորհրդարանում եւ դուրս չի գալիս փողոց. իշխանությունների հետ գործուղումների եք մեկնում եւ որեւէ քայլ չեք անում։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Եթե մենք վաղը դուրս գանք փողոց, միեւնույնն է՝ նորից քննադատելու են, որ դուրս ենք եկել փողոց։ Մենք ամեն տեղ՝ խորհրդարանում, խորհրդարանից դուրս, Հայաստանի մարզերում, մեծ ու փոքր քաղաքներում հետեւողականորեն մեր աշխատանքը անելու ենք։
-Պարո՛ն Սաղաթելյան, ուզում եմ անդրադառնանք «Դաշնակցության» ներսում կատարվող իրադարձություններին։ Տեղի ունեցավ «Դաշնակցության» Բյուրոյի հավաքը։ Ի՞նչ քննարկումներ ունեցաք ներսում։ Խոսակցություններ եղան, որ «Դաշնակցության» ներսում տարաձայնություններ կան։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Այո, տեղի ունեցավ «Հայ Հեղափոխական Դաշնակցության» ընդհանուր ժողովը։ Այն տեղի է ունենում 4 տարին մեկ անգամ։ Այս խոսակցությունները, որոնք Դուք բարձրաձայնում եք, նորմալ են։ Բոլոր ընդհանուր ժողովներից առաջ նման խոսակցություններ եղել են, որովհետեւ այդ ընդհանուր ժողովներից կա մեծ սպասելիք. նախ՝ ժողովի ընթացքում կուսակցության հաշվետվություն է տրվում անցած 4 տարիների գործունեության վերաբերյալ։ Որոշվում է առաջիկա տարիների ռազմավարությունը, մարտավարությունը, քաղաքականությունը եւ ընտրվում է նոր ղեկավար մարմին։ «Դաշնակցությունը», իբրեւ համահայկական ազգային կառույց, այդ ընդհանուր ժողովներին մշտապես մեծ սպասումների տեղիք է տալիս։ Այնպես որ, Ձեր նշած խոսակցությունները նոր չեն, միշտ էլ եղել են։
-Ի՞նչ խոսակցություններ եւ տարաձայնություններ կան թիմում։ Օրինակ՝ մի հատվածը պայքարի այլ ձեւ է առաջարկում, մյուս հատվածն այլ բան է ասում։
-Ես չեմ կարող հարցազրույցով պատմել, թե ինչ ենք քննարկում «Դաշնակցության» ընդհանուր ժողովում։
-Կուսակցության ներսում տեղի ունեցող տարաձայնությունների մասին կխոսե՞ք։ Գերագույն մարմնի ներկայացուցչի մասին ի՞նչ քննարկումներ են եղել։
-Որպեսզի իմանաք, թե Ձեր տեղեկությունները, որքանով են հեռու իրականությունից, նշեմ՝ «Դաշնակցության» ընդհանուր ժողովում գերագույն մարմնի ներկայացուցչի հարց չի որոշվել։ Դա լրիվ այլ պրոցես է։ Իսկ ինչ վերաբերում է, որ «Դաշնակցության» ներսում անհանգստություններ, տարաձայնություններ կան, ապա դա նորմալ է։ Շատ աննորմալ կլիներ, եթե Դաշնակցությունում ամեն ինչ լիներ հանգիստ, եւ որեւէ դժգոհություն չլիներ։ Ինչո՞ւ, որովհետեւ մեր երկրի վիճակն է շատ ծանր եւ անհանգիստ, իսկ «Դաշնակցության» վիճակը շատ անմիջականորեն կապված է մեր երկրում ստեղծված իրավիճակի հետ։ Չի կարող մեր կուսակցությունում դժգոհություն չլինել, կրքեր չլինեն, տարակարծություններ չլինեն այն պարագայում, երբ երկիրը կանգնած է շատ ծանր մարտահրավերների առջեւ, երբ Արցախը հայաթափված է։ «Դաշնակցությունը» շատ առողջ օրգանիզմ է, այս կուսակցությունը 135 տարի պատահական չէ, որ կարողացել է դիմագրավել տարբեր մարտահրավերների։ Ես հանգստացնում եմ բոլոր անհանգիստներին. մի՛ մտահոգվեք եւ անհոգ եղե՛ք։ «Դաշնակցությունն» ունի իր մեջ այդքան խոհեմություն՝ ցանկացած իրավիճակից ուժեղ դուրս գալու համար։
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատակիցները երեկ այցելել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին։ Այս մասին տեղեկացրել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նրանց հնարավորություն է տրվել կապվել ընտանիքների հետ։ Տեսակցություններն ընթացել են առանձնազրույցների ձեւաչափով։ Նշենք, որ նախորդ այցելությունը եղել էր 2025 թվականի հունվարին։
Հիշեցնենք՝ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի՝ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո:
Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Բաքվի դատարանում շարունակվում էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը։ Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու եւ իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, տեղափոխելու, կտտանքներ իրականացնելու, մարդկանց տեղահանելու համար։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նիստը նախագահում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաեւը։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը, դատական նիստի ընթացքում, կտրուկ վատացել էր եւ ստիպված էին եղել դատը ընդհատել։























