Նոր Սահմանադրության հնարավոր ընդունման վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ:
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության լեգիտիմության վերաբերյալ իր հայտարարությամբ նռնակ է նետում իր սեփական իշխանության վրա, քանի որ «իրենք 2018 թվականին եկել են իշխանության, ստանձնել են պաշտոններ եւ յոթ տարի շարունակ իշխանավարել են հենց այդ փաստաթղթի հիման վրա: Եթե ինքը իրեն թույլ է տալիս ոչ լեգիտիմ, կամ նվազ լեգիտիմ անվանել Սահմանադրությունը, հետեւաբար ոչ լեգիտիմ են նաեւ իրենք եւ իրենց իշխանությունը», – նշում է իրավաբանը:
Նաեւ այդ սահմանադրության հիման վրա կատարվել են նշանակումներ, իրականացվել են տարբեր գործառույթներ եւ լիազորություններ, ընդունվել են հրամանագրեր եւ կարգավորումներ:
Փաստորեն, եթե սահմանադրությունը լեգիտիմ չէ, գործող քաղաքական իշխանությունը եւս լեգիտիմ չէ, եզրակացնում է մեր զրուցակիցը:
Գոհար Մելոյանը թերահավատ է, որ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի 1995 թվականին ընդունված Սահմանադրությանը լեգիտումությամբ մոտ փաստաթուղթ ընդունել, ըստ նրա դիտարկման՝ «այդ փաստաթուղթը թե՛ նախագծվելիս, թե՛ ընդունվելիս ունեցել է համաժողովրդական աննախադեպ լայն աջակցություն»:
Ըստ Մելոյանի՝ նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունն առաջացավ, քանի որ իշխանությունը խնդիր ունի փոփոխելու Սահմանադրության նախաբանը եւ Սահմանադրության անփոփոխելի հոդվածները:
Սահմանադրագետը նաեւ հիշեցնում է այն մասին, որ նախորդ տարվա փետրվարին Նիկոլ Փաշինյանը խոսեց նոր Սահմանադրության ընդունման մասին. այդ ելույթը հաջորդել էր Ադրբեջանի ղեկավարի պահանջին՝ առ այն, որ մեր երկրում տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ:
Որպեսզի կատարեն ադրբեջանական պահանջը, իշխանությունները խնդիր ունեն հրաժարվել Սահմանադրության մեջ տեղ գտնող անկախության հռչակագրի հղումից, իսկ Սահմանադրական փոփոխություններով դա հնարավոր չէ, ուստի անհրաժեշտ է նոր Սահմանադրության ընդունում:
Մեր զրուցակցի կարծիքով՝ իշխանությունները նոր Սահմանադրության ընդունումը փաստող անհրաժեշտության մասին չեն խոսում: Հնարավոր նոր Սահմանադրությունում կմախքային դրույթների վերաբերյալ որեւէ էական փոփոխություն չկա: Իշխանության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ խորհրդարանական կառավարման մոդելը իրենց համար ընդունելի է, նաեւ չեն ներկայացնում իշխանությունների հակակշռման եւ զսպման մեխանիզմների էական փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ:
Ըստ Գոհար Մելոյանի՝ «Ակնհայտ է դառնում, որ իրենք ինչ-որ կերպ խնդիր ունեն հիմնավորելու նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, ու ստիպված ինչ-որ սոփեստական, իրավափիլիսոփայական անհասկանալի մտքերով ներկայացնում են»:
Գոհար Մելոյանի համոզմամբ նոր Սահմանադրության ընդունումը որեւէ կերպ չի արտացոլելու հայկական շահերը:
ԱՐՄԵՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
«ՀԱՏԻԿ ԱՌ ՀԱՏԻԿ»-Ի ՇԱՐՔԻՑ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջում գրել է. «#հատիկառհատիկ, դատարանի վճռով, Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող 12 հազար 400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 730 միլիոն դրամ»:
ԽՈՍՆԱԿԻ ՏՈՒՆԸ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ
Երեկ Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը եւ Երեւանի քրեական վարչությունը մի խումբ անձանց է վնասազերծել, ովքեր կասկածվում են ինչպես Երեւանում այնպես էլ մարզերում պաշտոնատար անձանց տները թալանելու համար: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այս օպերացիայի իրականացումը խոր արմատներ ունի: Բանն այն է, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի՝ Աջափնյակում գտնվող բնակարանն են թալանել եւ խոշոր չափերի գումար են հափշտակել բնակարանից: Եվ ահա այս դեպքից հետո Նիկոլ Փաշինյանը անձամբ է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին եւ Արփինե Սարգսյանին հրահանգ տվել գործուն քայլեր անել բնակարանային գողությունները բացահայտելու համար, ու արդյունքում վնասազերծվել են մի խումբ անձինք, որոնք կասկածվում են այն կատարելու համար: Հիշեցնենք նաեւ, որ 2024 թվականի դեկտեմբերին էլ թալանել էին վարչապետի աներորդու՝ Հրաչյա Հակոբյանի տունը։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ
Կա ըմբռնում, որ Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի անձնական հանդիպումը պետք է կայանա, սակայն մանրամասների վերաբերյալ հստակ պարզաբանումներ դեռ չկան։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Անձնական հանդիպման հետ կապված դեռ պարզաբանումներ չկան։
Կա ըմբռնում, որ դա պետք է տեղի ունենա, եւ կա ըմբռնում, որ այն պետք է լավ պատրաստվի։ Սա երկու նախագահների ըմբռնումն է»,-ասել է Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ «այժմ տեղի է ունենում այն պայմանավորվածությունների փուլ առ փուլ իրականացումը, որոնք ձեռք են բերվել ինչպես պետությունների ղեկավարների, այնպես էլ բարձր մակարդակի պատվիրակությունների կողմից Էր Ռիադում կայացած բանակցություններում»։ Նա ավելացրել է, որ արտաքին գործերի նախարարությունների միջոցով փորձագիտական մակարդակով շփումներ են նախապատրաստվում, որոնք հետագայում կշարունակվեն։
ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԱՑ Է
Լարսի ճանապարհը բացվել է թեթեւ մարդատար եւ ուղեւորատար տրանսպորտային միջոցների համար։
Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։























