Armenian text to speach

ՊԵՏՔ Է ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՄՇԱԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Անցյալ տարվա հոկտեմբերի 13-ին Ֆուտբոլի Ազգային Հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ դիմակայությունում: Խաղից հետո հեռացվեց  այդ ժամանակ գործող մարզիչ, ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը: Սակայն միայն մարզչի հեռացումը չբավարարեց շատ ֆուտբոլասերների, եւ նրանք պահանջեցին Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը: Հրաժարականի պահանջին միացան նաեւ մի շարք ֆուտբոլային ակումբներ: Այս ամենի  եւ առհասարակ ֆուտբոլային խնդիրների վերաբերյալ  Armlur.am-ը զրուցել է Հայկական Առաջին Ճակատի (FAF) հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանի հետ:

Հարցազրույցի առաջին մասը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի նախորդ՝ 3055 համարում (26.02.2025 թվական):

Զրուցել ենք ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի, Հայաստանի հավաքականի սպասվելիք խաղերի, մասնավորապես՝ Հայաստան-Վրաստան խաղի վերաբերյալ, ինչպես նաև առաջիկա ակցիաների մասին, որոնք կկազմակերպվեն ՖԱՖ-ի կողմից:

 

-Պարո՛ն Ջանջոյան, Դուք տարբերակներ ունե՞ք  ՀՖՖ նոր ղեկավարի վերաբերյալ, եւ ի՞նչ քայլեր պետք է անի նա: Ունե՞ք որոշակի կոնկրետ պահանջներ կամ առաջարկներ։

-Նախկին սխալները չգործելու համար՝ մենք պատկերացնում ենք, որ ՀՖՖ ղեկավարության հեռացումից հետո մենք պետք է ստեղծենք համերաշխության հարթակ, որտեղ կներգրավվեն ֆուտբոլի շահառուները, մեր հայկական ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները, եւ տարբեր, շատ երկար քննարկումների միջոցով, նաեւ համապատասխան մասնագետների ներգրավվածությամբ մենք կարողանանք մշակել մեզ բնորոշ, մեր առանձնահատկություններին համապատասխանող ազգային ծրագիր՝ իրական ազգային ծրագիր, որը կտանի մեր ֆուտբոլը առողջացման, որը կտանի  այն զարգացման՝ հավասարաչափ զարգացման ամբողջ հանրապետությունում:

-Ազգային հավաքականը ունի նոր մարզիչ, ի՞նչ կարծիք ունեք հոլանդացի մասնագետի վերաբերյալ, գո՞հ եք նրա նշանակումից։

-Կարծում եմ՝ մենք ունեցանք մարզիչ. ոչ թե հատուկ չափորոշիչներով մարզիչ էր մեզ պետք, այլ պետք էր մարզիչ, ով կհամաձայներ ներկա իրավիճակում գալ եւ գլխավորել հավաքականը:

Ես մասնավոր որակումներ չեմ կարող տալ մարզչի մասին, իհարկե, ժամանակը ցույց կտա: Կարելի է ասել՝ ավելի թույլ ճանապարհ անցած մարզիչ է, որը գլխավորել է հավաքականը եւ հաջող հանդիպումներ է ունեցել, բայց հավատալ, որ այս իրավիճակում մենք կարող ենք լուրջ բանի հավակնել, ցավոք չեմ կարող հուսալ։

Զրուցեց ԱՐՄԵՆ ԽԵՉՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ Է ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԹԱՔՑՆՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին հետեւյալ հարցումն ենք արել. «2023 եւ 2024 թվականներին Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններից եւ ուսուցիչներից ովքեր են մասնակցել Երեւանում կայացած վերապատրաստման դասընթացներին, որոնք իրավունք են տալիս դպրոցների տնօրենների թափուր տեղերի համար մրցույթին մասնակցելու համար պահանջվող լիցենզիա ստանալ։ Խնդրում ենք նշել բոլոր վերապատրաստվածների անուն-ազգանունները, նրանց դպրոցները, Երեւանում նրանց վերապատրաստման երկշաբաթյա ընթացքում դպրոցներում նրանց հաստիքները ժամանակավոր զբաղեցրածների, տնօրենների հրամաններով նրանց փոխարինած ուսուցիչների անուն-ազգանունները»։ Մարզպետարանից պատասխանել են. «2023 եւ 2024 թվականներին Երեւանում կայացած հավաստագրման վերապատրաստումներին հայտ ներկայացրած ուսուցիչների եւ տնօրենների մասին Տավուշի մարզպետի աշխատակազմը տեղեկատվություն չունի: Վերապատրատման ընթացքում նրանց հաստիքները զբաղեցնում են սահմանված կարգի համաձայն համապատասխան անձինք՝ ըստ մասնագիտության եւ պաշտոնի»։ Մարզպետարանն իր 80 աշխատակիցներով Տավուշի մարզի ընդամենը 2 ոլորտ է կառավարում՝ հանրակրթական դպրոցները եւ պետական առողջապահական հիմնարկները, մարզպետարանն ինչո՞ւ տեղեկություն չունի հավաստագրման վերապատրաստումներին հայտ ներկայացրած ուսուցիչների եւ տնօրենների մասին։ Կարծում ենք, որ մարզպետը ունի այդ տեղեկությունը, սակայն այն չի տրամադրում, որովհետեւ այդ վերապատրաստումների շատ մասնակիցների փոխարեն, վերապատրաստումների ժամանակաշրջանում դպրոցների տնօրենների կողմից համապատասխան հրամաններով փոխարինվողներ չեն նշանակվել, վերապատրաստվողները շարունակել են դպրոցում իրենց աշխատավարձն ստանալ։ Տեղի է ունեցել պետբյուջեի գումարների մսխում։

 

 

 

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԼՈՂԸ ՑԱՄԱՔՈ՞ՒՄ ԵՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագրի իրականացման շրջանակում: Ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձեւի ուսուցման, զարգացման եւ սպորտի մեծ նվաճումների գործընթացում: Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցներից միայն Իջեւանի թիվ 1 դպրոցում լողավազան կա, տավուշցի աշակերտները լողը ցամաքո՞ւմ են սովորելու։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս