Armenian text to speach

ՄԻՏՎԱԾ Է ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ Հայաստանում սկսում է նոր նախաձեռնություն՝ ուղղված երկրի բուժաշխատողների կարողությունների եւ հոգեկան առողջության համակարգի հզորացմանը։ Այս մասին հաղորդում է ԱՀԿ հայաստանյան գրասենյակը։

 

«Նախաձեռնությունն Արեւելյան գործընկերության հինգ երկրում իրականացվող առողջապահական կայուն համակարգի ձեւավորմանն ուղղված ավելի ընդարձակ ծրագրի մի մաս է։ Երեւանում պաշտոնապես մեկնարկած ծրագիրը նշանակալի իրադարձություն է ԵՄ-ԱՀԿ համագործակցության համար՝ ուղղված դիմակայուն եւ ավելի առողջ Հայաստանի կառուցմանը: COVID-19 համավարակը բացահայտել է աշխարհում առողջապահական համակարգերի ինչպես ուժեղ, այնպես էլ խոցելի կողմերը՝ հատկապես ընդգծելով առողջապահության ոլորտում դիմակայուն եւ աջակցություն վայելող բուժաշխատողների առկայության կարեւորությունը: Հայաստանում, ինչպես ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի շատ երկրներում, բուժաշխատողների պակասը, նրանց անհամաչափ բաշխվածությունը, սթրեսի ու մասնագիտական այրման լայն տարածվածությունը հսկայական ճնշում են գործադրել առողջապահական համակարգերի վրա: Երկար ժամանակ անտեսված հոգեկան առողջությունը եւս առաջնահերթություն է դարձել, քանի որ ավելի ու ավելի է ճանաչվում համայնքահենք, մարդակենտրոն եւ մարդու իրավունքների վրա հիմնված հոգեկան առողջության ծառայությունների անհրաժեշտությունը։ Այսպիսի ծառայությունները նվազեցնում են խարանը եւ բարձրացնում են բուժման եւ խնամքի հասանելիությունը:

«Հոգեկան առողջությունը մարդու համընդհանուր իրավունք է, որի պահպանումը կենսական է անձի ընդհանուր առողջության եւ բարեկեցության համար: Ուստի մենք մշակել եւ հաստատել ենք «Հոգեկան առողջության պահպանման եւ բարելավման միջոցառումների ծրագիր», սահմանել ենք մասնագետի գործունեության էթիկայի կանոնները, պատրաստել ենք կլինիկական ուղեցույցներ եւ գործելակարգեր, ինչպես նաեւ իրականացնում ենք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ դասընթացներ: Սակայն այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է նաեւ ամուր եւ լավ պատրաստված առողջապահական անձնակազմ։ Այս նախաձեռնությունը մեզ հնարավորություն է տալիս լուծելու բուժաշխատողների հիմնական մարտահրավերները՝ ստեղծելով ավելի բարենպաստ աշխատանքային պայմաններ, բարձրացնելով մասնագետների պատրաստվածության մակարդակը եւ ապահովելով մասնագետների շարունակական զարգացումը։ Միայն ուժեղ եւ պաշտպանված բուժանձնակազմի միջոցով կարող ենք հասնել առողջապահական ծառայությունների ամբողջական եւ արդյունավետ ներդրմանը՝ յուրաքանչյուր քաղաքացու համար հասանելի դարձնելով որակյալ բուժօգնությունը»,- նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է, որ ԵՄ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի առողջապահության ոլորտին՝ ապահովելով, որ այսօրվա ներդրումները տանեն տեւական եւ էական փոփոխությունների։

«Ծրագրի մեկնարկը կարեւոր քայլ է բուժաշխատողների շրջանում ներդրումներ կատարելու եւ նրանց աջակցելու, ինչպես նաեւ հոգեկան առողջության ծառայությունների ինտեգրվածությունն ու հասանելիությունն ապահովելու համար», – Սասել է Սիդարթա Դատտան:

Ա.  ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

 

 

ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Հայանիստ բնակավայրում հայտնաբերել են ապօրինի խորքային հոր։ Տեսչական մարմնից հայտնում են, որ պարզվել է, որ քաղաքացի Զ. Բ.-ի կողմից տարածքի պտղատու ծառերի ոռոգման եւ խմելու նպատակով իրականացվել է ապօրինի ջրառ՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։

Իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200.000 ՀՀ դրամի չափով։

 

 

 

ՆՈՐՄԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր «Գայանե Բադալյան» ԱՁ-ին պատկանող սոյայի մթերքի՝ տոֆուի արտադրությունում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գ. Մարգահովիտ)։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես, արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել պարենային հումքի եւ սննդամթերքի, աղտոտված եւ մաքուր գույքի խաչաձեւող հոսքերը, արտադրությունը սարքավորված չի եղել բնական եւ մեխանիկական օդափոխության միջոցներով, չեն եղել սանհանգույց եւ անձնակազմի համար հանդերձարան։

Տոֆուի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

 

 

ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ

2025թ. ապրիլի 14-ից մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանում կանցկացվի ամառային զորակոչ։ Այդ մասին տեղեկանում ենք e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։ «2025թ. ապրիլի 14-ից մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանում կանցկացվի արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչեւ 2025 թ. հունիսի 30-ը ներառյալ», – ասվում է որոշման նախագծի մեջ:

 

 




Լրահոս