
Այսօր «Մարտի 1»-ի ոճրագործության 17-րդ տարելիցն է. օր, որ որպես խարան կմնա Հայաստանի նորանկախ պատմության մեջ։
2008թ. նախագահական ընտրություններում այն ժամանակվա գործող իշխանությունը համատարած ընտրակեղծիքների միջոցով ապահովեց իրավահաջորդի՝ Սերժ Սարգսյանի «հաղթանակը»։ Չհամակերպվելով տեղի ունեցածի հետ, հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս եկան հրապարակ` ի աջակցություն ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր–Պետրոսյանի և մերժելու իշխանության յուրացումը։
Մի քանի օր շարունակ ծավալվող հզոր համաժողովրդական շարժումը, հայտարարված շուրջօրյա հանրահավաքը իշխանություններին հասկացնել տվեց, որ բռնազավթած նախագահական աթոռը այլևս պահպանել հնարավոր չէ, և իշխանությունները դիմեցին աննախադեպ բռնության՝ ոտնահարելով օրենսդրությունն ու միջազգային բոլոր նորմերը. նախ՝ մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական հատուկ ուժերը հարձակվեցին ու բռնի ուժով ցրեցին Ազատության հրապարակում ընթացող շուրջօրյա հանրահավաքները։ Ցերեկը ժողովուրդը հավաքվեց Մյասնիկյանի արձանի մոտ, և արդեն երեկոյան ռեժիմը դիմեց զենքի՝ կրակելով սեփական ժողովրդի վրա:
Զոհվեց 10 քաղաքացի, մարմնական վնասվածքներ ստացան հարյուրավորները:
Լևոն Տեր–Պետրոսյանի հարյուրավոր կողմնակիցներ ձերբակալվեցին ու շինծու մեղադրանքներով դատապարտվեցին։ Հետագայում այդ քրեական գործերի մեծամասնությունը բողոքարկվեց ՄԻԵԴ-ում և բեկանվեց, «Մարտի 1»–ի գործով շինծու մեղադրանքներով դատապարտվածներն արդարացվեցին։
2018թ․ «Մարտի 1»-ի քրեական գործը վերաբացվեց, մեղադրանք առաջադրվեց այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, զինված ուժերի գլխ․ շտաբի պետ Սեյրան Օհանյանին՝ սահմանադրական կարգը բռնի տապալելու համար, իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գևորգյանին՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար։
ՍԴ որոշումից հետո այդ գործը կարճվեց, իսկ նրանց արարքը վերաորակավորվեց, և հիմա հակակոռուպցիոն դատարանում ընթանում է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը։ Քոչարյանին ու մյուս մեղադրյալներին նոր մեղադրանք է ներկայացվել։

2023 թվականին Երեւանում՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից Մանկական այգու մուտքի մոտ, բացվեց 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը:
Իր հուշարձանն Ալբերտ Վարդանյանը «Ազդեցություն-հակազդեցություն» է անվանել։ Նրա նախագիծը 2020 թվականի փետրվարին հաղթել էր Երեւանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում։
Ալբերտ Վարդանյանը մարտի 1-ի իրադարձությունների մասնակից է։ Այդ օրվա տխուր հիշողություններն ու ցավը մեղմելու համար դեռ տարիներ առաջ էր հուշարձանի նագախիծ արել։