
Հայաստանի Հանրապետության մարզերում բնակչության պաշտպանության համակարգերի կամավոր կարողությունների միջոցով ամրապնդմանն ուղղված՝ փետրվարի 17-ից 28-ը Ավստրիական Կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում ՆԳՆ փրկարար ծառայության Խաչիկի, Շիկահողի, Մարտիրոսի, Արագածի, Երվանդաշատի, Մեծ Պարնու, Տեղի և Մեղրաձորի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի 43 կամավորների համար կազմակերպվել և անց են կացվել վերապատրաստման դասընթացներ։
Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող (VOLFIRE) ծրագիրը շարունակում է հսկայածավալ աշխատանք կատարել հանրապետությունում կամավորական փրկարարական շարժման զարգացման ուղղությամբ։ Առաջարկելով մեխանիզմներ, տրամադրելով անհրաժեշտ ռեսուրսներ, տալով խորհուրդներ ու փոխանցելով լավագույն փորձի օրինակներ, որոնք ուղեկցում են կամավորներին՝ այս ծրագիրը մեծապես նպաստում է նրանց պատրաստակամության բարձրացմանը՝ արտակարգ իրավիճակներում առաջին արձագանքման ապահովման համար։
Վերապատրաստման դասընթացները մեկնարկեցին Լուսակերտի ուսումնական բազայում՝ տեսական և գործնական փուլերով:
Դասընթացի կազմակերպիչների և դասընթացավարների շարքերում էին ծրագրի շրջանակներում վերապատրաստողների վերապատրաստման դասընթացներին մասնակցած փրկարարական ծառայողները, ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի փրկարարական ծառայողները, ՃԿՊԱ դասախոսները, Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչները, ծրագրում ներգրավված փորձագետները, ինչպես նաև Ֆրանսիայից ժամանած հրահանգիչները։ Դասընթացավարների համար շատ կարևոր էր ծրագրի նշանակությունը և դրա ազդեցությունը մասնակիցների հետագա մասնագիտական զարգացման և նպատակամետ գործունեության ապահովման համար։
Վերապատրաստումների ընթացքում ուսուցանվողներին ներկայացվեցին «Անտառային և բնության մեջ հրդեհների», «Գործառնական կառավարման», «Ազդարարման համակարգման», «Կառուցվածքային և գործառնական հրդեհների», «Տեխնոլոգիական և բնական ռիսկերի», «Առաջին օգնության», «Հոգեբանական առաջին օգնության» վերաբերյալ տեսական գիտելիքներ: Ֆրանսիացի մասնագետները կամավորներին փոխանցեցին իրենց փորձը, ներկայացրեցին հրդեհաշիջման տեխնիկաների հնարավորությունները և հարցուպատասխանի միջոցով մասնակիցներին հետաքրքրող խնդիրներին տրվեցին լուծումներ։ Հաջորդիվ կամավորները ծանոթացան գործնական մոդուլներին՝ արդեն վարժանքների և տակտիկական պարապմունքների տեսքով՝ հետևելով անվտանգության կանոններին։
Ավարտին տեղի ունեցավ արդյունքների ամփոփում, վերապատրաստման մասնակիցների հավաստագրում։
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կողմից պատվոգրերի են արժանացել նաև Ֆրանսիայից ժամանած հրահանգիչները։
Այս վերապատրաստման դասընթացները նպատակ ունեն երկարաժամկետ ազդեցություն ունենալ ՀՀ բոլոր մարզերում կամավորական հրշեջ-փրկարարական ուժերի զարգացման վրա՝ ապահովելով անհատական պատրաստականության բարձրացում և արդյունավետ արձագանքման համակարգի ձևավորում։
Հիշեցնենք, որ 2026 թվականի օգոստոսին իր ավարտին հասնող այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել մոտ 250 կամավոր հրշեջ-փրկարարների ուսուցում, սիմուլյացիոն վարժանքների անցկացում և ապահովել համայնքներին հրշեջ տեխնիկայով։