Ի՞նչ անել և ի՞նչ չանել Մեծ պահքի շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2025 թվականի մարտի 3-ից մեկնարկել է Մեծ պահքը, ինչը յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում կարևոր իրադարձություն է։

Յուրաքանչյուր քրիստոնյա պահքի միջոցով ավելի է մոտենում Աստծուն։ Պահքը ոչ միայն կենդանական ուտեստներից հրաժարումն է, այլև հրաժարումն է վատ սովորություններից, շատախոսությունից, մարմնական մեղքերից։

ArmLur.am-ը ներկայացնում է, թե ինչ է կարելի անել պահոց շրջանում և ինչ չի կարելի։

Այսպիսով, Մեծ պահքի շրջանն ինքնամաքրման, Աստծուն ավելի մոտ գտնվելու շրջան է և պահոց շրջանում կարևոր է կանոնավոր կերպով աղոթել։ Աղոթական կյանքը ոչ միայն Մեծ պահքի, այլև ամբողջ կյանքի համար կարևոր է։

Բացի աղոթելուց, պետք է նաև կանոնավոր կերպով կարդալ Աստվածաշունչ։ Թե՛ Պահքի ընթացքում, թե՛ առօրյա կյանքում քրիստոնյայի կյանքում պետք է կարևոր լինի Աստվածաշնչի ընթերցանությունը։

Պահքի ընթացքում պետք է սնվել չափավոր։ Չնայած այն հանգամանքին, որ Պահքի ընթացքում սնվում են բուսական ծագման ուտեստներով, պետք է լինել ժուժկալ։

Մեծ պահքի շրջանում չի կարելի ամուսնանալ, սակայն ոչ միայն պահոց շրջանում, այլև՝ Զատիկին և մնացած տաղավար տոներին։

Պահքի ընթացքում պետք է հրաժարվել կախվածություններից։ Օրինակ, եթե դուք կախվածություն ունեք սուրճից, ապա պետք է փորձեք այն չչարաշահել և/կամ չօգտագործել։

Հին ժամանակներում հայոց ավանդական կենցաղում Մեծ պահքի ընթացքում կերել են թթուներ, ցորեն, լոբի, ոսպ, սիսեռ, ձավար, բրինձ, հաց, կանաչեղեն, աղանձ, պասուց տոլմա, պասուց գաթա և հալվա, պոչով ապուր, որն անպայման Մեծ պահքի երկուշաբթի պիտի եփվեր: Պասուց սննդակարգը տարածվել է նաև հոգեհացի սեղանի վրա:

Մեծ պահքի փորձություններով անցնող յուրաքանչյուր քրիստոնյա հասնում է ավագ շաբաթվան։ Ավագ շաբաթվան հաջորդում է Ծաղկազարդը, իսկ հետո գալիս է Տիրոջ հրաշափառ Հարությունը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս