
Բաքվում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և անազատության մեջ պահվող մյուս հայերի դեմ հարուցված շինծու դատական գործընթացը։ Մարտի 6-ին ընթացող հերթական դատական նիստի ընթացքում դատարանում առաջին անգամ ցուցմունք է տվել ԼՂ-ի պաշտպանության բանակի նախկին փոխնախարար, գեներալ–մայոր Դավիթ Մանուկյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանական APA գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Մանուկյանն ասել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իր մեքենան վնասվել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքից, ինչի հետևանքով էլ իր վարորդը վիրավորվել, բայց ինքը չի տուժել, քանի որ մեքենայից 20 մ հեռավորության վրա է գտնվել։
«Դավիթ Մանուկյանը նաև հայտնեց, որ նախաքննության ընթացքում շատ լավ համագործակցել է քննիչների հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մարտի 6-ի նիստում հարցաքննվել է նաև Դավիթ Ալահվերդյանը։