Armenian text to speach

ԱՄՆ-Ն «ՊԱՏՄԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ» ԿԿԱՅԱՑՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների առջեւ Սպիտակ տան ղեկավարը ամփոփել է իր նախագահական երկրորդ ժամկետի առաջին շաբաթները։ Նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ ունեցավ ԱՄՆ Կոնգրեսում՝ ամփոփելով իր նախագահության շաբաթները։ Օրենսդիրների առաջ ելույթը Թրամփին հնարավորություն է տվել հրապարակայնորեն ներկայացնել իր տեսակետները տնտեսական եւ ներգաղթին վերաբերող քաղաքականության վերաբերյալ, սատարել դաշնային աշխատողների թվի նշանակալի կրճատումները ու Զելենսկու հասցեին ուղղված սուր քննադատությունը։

 

ArmLur.am-ը ներկայացնում է Դոնալդ Թրամփի ելույթի հիմնական կետերը։

«Ես վերջ դրեցի պետական գրաքննությանը եւ վերադարձրի խոսքի ազատությունը»։

«Իմ առաջնահերթությունները՝ փրկել մեր տնտեսությունը։ Վերջին վարչակազմը աղետ բերեց՝ ամենավատ գնաճը թերեւս երկրի պատմության մեջ»։

«ԱՄՆ-ն Ալյասկայում կառուցում է աշխարհի ամենամեծ գազատարներից մեկը։ Ճապոնիան եւ Հարավային Կորեան ցանկանում են միանալ նախագծին: Ներդրումները կազմում են տրիլիոն դոլարներ»։

«Այս շաբաթ Միացյալ Նահանգները «պատմական որոշում» կկայացնի՝ զգալիորեն մեծացնելու կարեւոր օգտակար հանածոների եւ հազվագյուտ հողային մետաղների ներքին արտադրությունը»։

«Այսօր ես շատ կարեւոր նամակ ստացա Զելենսկիից. նա պատրաստ է գալ բանակցությունների՝ մեկ սեղանի շուրջ։ Ուկրաինան պատրաստ է ստորագրել հազվագյուտ հանքանյութերի մասին պայմանագիրը»։

«Ռուսաստանից նույնպես ուժեղ ազդանշաններ ենք ստանում, որ նրանք պատրաստ են խաղաղության. հրաշալի չէ՞։ Ժամանակն է վերջ տալ այս պատերազմին. երկու կողմերն էլ պետք է խոսեն։ Եվրոպան փորձում է առաջատար դեր ստանձնել ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու գործում»:

Հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը՝ անցած շաբաթ Սպիտակ տանը Զելենսկու հետ տեղի ունեցած սուր քննարկումից հետո: Զելենսկին ավելի ուշ հայտարարությամբ էր հանդես եկել եւ պնդել, որ Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ կայուն խաղաղության համար։

Հիշեցնենք, որ Զելենսկիի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը «Լիգա»-ին հաստատել էր, որ Ուկրաինայի նախագահի կողմից որեւէ «նամակ» չի եղել, եւ Թրամփը խոսել է X սոցիալական ցանցում արված գրառման մասին։ Հաղորդագրությունը, որի մասին ասել է Թրամփը, Զելենսկիի գրառումն է X-ում, որտեղ նա ափսոսանք էր հայտնել, որ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը «չանցավ այնպես, ինչպես նախատեսված էր»։ Նա շնորհակալություն էր հայտնել ԱՄՆ-ին եւ անձամբ Թրամփին Ուկրաինային ցուցաբերած օգնության համար եւ ընդգծել, որ Ուկրաինան անվերջանալի պատերազմ չի ցանկանում։ «Ես եւ իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ առաջնորդության ներքո՝ տեւական խաղաղության հասնելու համար», – գրել էր Ուկրաինայի նախագահը։ Բացի այդ Զելենսկին հայտարարել էր, որ Կիեւը պատրաստ է «ցանկացած ժամանակ եւ ցանկացած ձեւաչափով» ստորագրել հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը, որը քայլ է «դեպի ավելի մեծ անվտանգություն եւ ամուր անվտանգության երաշխիքներ»։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԿՐԱԿ ՉԵՆ ԲԱՑԵԼ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 4-ին՝ ժամը 22։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչեւ օրս Ադրբեջանը չի արձագանքել։

 

 

 

«ԱՏՈՒՄ» Է ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջեւ։ Այս մասին նա հայտարարել է ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալի հետ զրույցում։ «Եկեք, կնստենք այստեղ, հանգիստ, առանց աղմուկի, առանց բղավելու, կպայմանավորվենք։ Ուստի, փոխանցեք Թրամփին՝ ես այստեղ Պուտինի եւ Զելենսկու հետ սպասում եմ նրան, մենք կնստենք եւ հանգիստ համաձայնության կգանք։ Եթե ցանկանում եք համաձայնության գալ»,-նշել է Լուկաշենկոն։ Միաժամանակ նա հրաժարվել է միջնորդի դերից Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ բանակցություններում։ Բելառուսի նախագահի խոսքով՝ ինքը «ատում է» միջնորդությունը, քանի որ դա նշանակում է երկու կողմերի միջեւ դիրքորոշում ընդունել՝ առանց գործընթացի վրա ազդելու իրական հնարավորության։

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՕՐՀՆԵՐԳՈՒՄ

ՀՀ օրհներգի տողերի դասավորությունը կփոխվի: Ազգային ժողովը երեկ 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով 2-րդ ընթերցմամբ եւ վերջնականապես ընդունեց «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։ Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը վարման կարգով հայտարարեց, որ հետագայում հանդես են գալու նոր փոփոխությունների նախագծով։

 

 

 

ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿՓԱԿՎԻ

Ադրբեջանի կառավարությունը տեղեկացրել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին։ «Ներկայումս պահպանվում են իշխանությունների հետ շփումները։ Դա մեր կոնֆիդենցիալ եւ երկկողմ երկխոսության մի մասն է», – ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի մասնագետ Աուրելի Լաշանը:

 

 

 

ԴԱՏԱՎՈՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 18-ին հրամանագիր է ստորագրել, որով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավոր է նշանակվել Շուշանիկ Ավագիմյանը։




Լրահոս