
Հայաստանի բասկետբոլի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Սուրեն Արզումանյանը նշանակվել է կանանց Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ: 56-ամյա մասնագետն ավելի քան 30 տարվա մարզչական փորձ ունի։ 2018 թվականի ամռանը նա եղել է Հայաստանի Մ18 հավաքականի մարզչի օգնականը։
Իսկ 2021 թվականին նրա գլխավորությամբ կանանց մինչև 16 տարեկանների Հայաստանի հավաքականը գրավել է երրորդ տեղը Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի E ենթախմբում: Արզումանյանը նաև գլխավորել է կանանց մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը, որը մասնակցել է 2022 թվականի Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը:
Կանանց Եվրոպայի Մ18 C դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 22-27-ը Անդորրայի մայրաքաղաք Անդորրա լա Վելլայում։