«Այսօր վթարվել է Մաքրավան-Աբովյան ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով․ Պատճառի և հետևանքների մասին դեռևս 2023 թվականին ենք զգուշացրել»․ «Վեոլիա Ջուր»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածել․

«Այսօր վթարվել է «Մաքրավան-Աբովյան» ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով:

Նշենք, որ որոշ ժամանակ առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները հերթական ստուգայցի ժամանակ նկատել էին, որ Երևան-Սևան մայրուղու հարակից տարածքում՝ Ջրաբեր ավազահանքի մոտ՝ ջրատարի վրա հող և արտադրական թափոններ են լցվում, ինչի հետևանքով ջրատարի որոշ հատվածներ հայտնվել են լրացուցիչ լիցքի տակ: Ջրատարի վրա առաջացել է 100 մ երկարությամբ և 20 մ հաստությամբ հողածածկույթ:

Առաջացած խնդրի և դրանից բխող հետևանքների մասին ընկերությունը դեռևս 2023 թվականի հոկտեմբերին գրությամբ տեղեկացրել է Ոստիկանությանը, Կոտայքի մարզպետարանին և Ջրային կոմիտեին:

Այս պահին Ընկերությունը իրավիճակը փրկելու, Աբովյանում ջրամատակարարման հետ կապված մեծ խնդիրներից խուսափելու համար գործարկում է լրացուցիչ պոմպեր, սակայն խնդիրը արմատական լուծում է պահանջում:

Անհատներին, շինարարական կազմակերպություններին ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ ընկերության ջրատարների հատվածներում շինաղբ լցնելուց, քանի որ դրանից տուժում են հազարավոր սպառողներ, որոնք պարզապես զրկվում են ջրից, խաթարվում է ջրամատակարարման համակարգի աշխատանքը, արատավորվում ընկերության բարի համբավը»:




Լրահոս