
Երեկ՝ մարտի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժին ահազանգ է ստացվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ից և հայտնել են, որ մարտի 4-ին «ջերմային այրվածք բոցով՝ դեմքի, գլխի, պարանոցի, իրանի, զույգ վերին վերջույթների շրջանում, ինհալացիոն վնասվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված քաղաքացին մահացել է:
Տեղում պարզվել է, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Գեղամ Իսրայելյանն է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը և Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Հարութ Փայտյանը «Այրվածաբանության ազգային կենտրոն» էին տեղափոխվել «Արարատ» բժշկական կենտրոնից՝ մարտի 4-ին՝ Այգավան գյուղում գործող գազալցակայանում առաջացած պայթյունի հետևանքով:
Այս պահին Հ. Փայտյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն ու ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչներն էլ պարզել են, որ գազալցակայանը պատկանում է Երևանի բնակիչ 33-ամյա Արմեն Ավագյանին, ով «Ա/Ձ» տնօրեն է:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 4-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Այգավան գյուղում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ:
Մինչ ժամանել է ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ, դեպքի վերաբերյալ ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել Արարատի, Արտաշատի և Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ:
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարկեները՝ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել էին պարեկները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով, հրշեջները մարել էին կրակն ու հերթապահություն իրականացրել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով 2 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց:
Պայթյուն-փլուզման հետևանքով վնասվել էին նաև պայթյունի հարևանությամբ կայանված «Toyota Rav 4», «Infiniti», «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները, բենզալցակայանի հարևանությամբ գտնվող շինության 1-ին և 2-րդ հարկերը:
Օպերատիվ էին գործել նաև շտապօգնության բժիշկերի հերթապահ խմբերը:
Դեպքի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Աննա Հակոբյանի և Դավիթ Դավթյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր էր ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը:
Դեպքի վայր էր ժամանել նաև Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը:
Դեպքի փաստով էլ Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչներ 39-ամյա Գեղամ Իսրայելյանը և 41-ամյա Հարութ Փայտյանը։ Վերջիններս «Արարատ» բժշկական կենտրոնից այնուհետև շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի Այրվածքաբանություն ազգային կենտրոն։
Պարզվել էր նաև, որ գազաբենզալցակայանը պատկանում է ԱՁ տնօրեն, Երևանի բնակիչ 33-ամյա Արմեն Ավագյանին։
Պայթյունի հետևանքով վնասվել էր Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Դավիթ Տոնոյանի տան դիմաց կայանված՝ Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Արամ Գևորգյանին պատկանող «Infinity» մակնիշի ավտոմեքենան՝ մասամբ, ինչպես նաև գազաբենզալցակայանի մոտ կայանված՝ Արարատի մարզի բնակիչներ 39-ամյա Հովհաննես Խուդավերդյան պատկանող՝ ռուսական համարանիշներով «Lads Priora» և 40-ամյա Հերմինե Իսրայելյանին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենաները՝ մասամբ։