
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 11-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության ամբիոնի ուսանողների հետ, որոնք պրակտիկա են անցնում Ազգային ժողովում:
Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով:
Պատասխանելով Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ընձեռած հնարավորություններին վերաբերող հարցին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ այն լայն արձագանք է ստացել միջազգային հանրության կողմից:
«Մենք պետք է անենք հնարավորը՝ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու նպատակով: Հայաստանի հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու անկախության, ինչպես նաեւ մեր երկրի տարածքով անցնող հաղորդակցության ուղիների նկատմամբ Հայաստանի իրավազորության սկզբունքները քննարկման ենթակա չեն»,-համոզմունք է հայտնել Հակոբ Արշակյանը: Այս համատեքստում խորհրդարանի փոխնախագահը կարեւորել է երկրի պաշտպանունակության բարձրացման անհրաժեշտությունն ու այս ուղղությամբ իրականացվող քայլերը:
Հակոբ Արշակյանը խոսել է նաեւ Հայաստանի պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացին, Ադրբեջանում պահվող հայ գերիներին, ինչպես նաեւ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը վերաբերող հարցերի մասին:
Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին առնչվող հարցին ի պատասխան՝ բանախոսը կարեւորել է 2025 թվականի հունվարին երկու երկրների միջեւ ստորագրված ռազմավարական գործընկերությանը վերաբերող պայմանագիրը:
Հարցուպատասխան է ծավալվել նաեւ Հայաստանի եւ Եվրամիության տնտեսական հարաբերություների մասին: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը կարեւորել է նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ տնտեսության դիվերսիֆիկացումը բխում է Հայաստանի շահերից: Նրա խոսքով պետք է աշխատել միջազգային շուկաներում հայկական արտադրանքի վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ եւ գրավել նոր շուկաներ:
Ուսանողները հետաքրքրվել են նաեւ բարձր տեխնոլոգիական ոլորտի ռազմավարությամբ ու մարտահրավերներով: ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ վերջին տարիներին արձանագրվել է ոլորտի զարգացման շարունակական առաջընթաց: Որպես առաջին մարտահրավեր՝ նա նշել է արհեստական բանականության զարգացումը եւ կարծիք հայտնել, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր դառնալու հարցում այլընտրանք չունի: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ առաջիկայում նոր գործիքներ կներդրվեն, որոնք առավել երկարաժամկետ պետական ծրագրեր մշակելու հնարավորություն կտան: