
ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան փակ քննարկման ժամանակ սուր քննադատության է ենթարկել Սիրիայի նոր ղեկավարությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։
«Մոսկվան նախազգուշացրել է Սիրիայում ջիհադիստների աճի մասին և կրոնական հիմքերով ալավիների զանգվածային սպանությունները համեմատել է 1994 թվականին Ռուանդայի ցեղասպանության հետ», – նշված է հոդվածում։
Նեբենզյան հանդիպման մասնակիցներին ասել է, որ Սիրիայում սպանությունները ոչ ոք չի դադարեցրել։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Նեբենզյան քննադատել է նոր իսլամիստ կառավարիչների կողմից Սիրիայի բանակի լուծարումը և հասարակական աշխատուժի զանգվածային կրճատումները՝ զգուշացնելով, որ «իրաքյան սցենարը» կարող է նորից կրկնվել՝ նկատի ունենալով Սադամ Հուսեյնի իշխանության տապալումը և Իրաքի պետական կառույցների ապամոնտաժմանը հաջորդած բռնությունները:
Պաշտոնյան նաև մտահոգություն է հայտնել, որ օտարերկրյա «ահաբեկիչ» մարտիկները «կործանարար դեր» են խաղում Սիրիայում։
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի բանագնացները նույնպես փակ ճեպազրույցում ընդգծել են իրենց անհանգստությունը Սիրիայում օտարերկրյա զինյալների առկայության և երկրի քաղաքական անցման գործընթացի կապակցությամբ։
Reuters-ի հարցին՝ արդյոք նա Սիրիայում իրավիճակը համեմատել է Ռուանդայի ցեղասպանության հետ, Նեբենզյան պատասխանել է. «Ես փակ խորհրդակցություններում ասում եմ այն, ինչ անհրաժեշտ եմ համարում՝ հիմնվելով այն նախադրյալի վրա, որ դրանք փակ խորհրդակցություններ են, և դրանցից ոչինչ չպետք է դուրս գա»։
Հարկ է նշել, որ Ռուսաստանն ակտիվորեն բանակցում է Սիրիայի նոր իշխանությունների հետ՝ երկրի տարածքում իր ռազմակայանների պահպանման վերաբերյալ։
Քննադատները համարում են, որ պետական հատվածում աշխատակիցների կրճատումներն ուղղված են ալավի աշխատակիցների դեմ, իսկ փետրվարին տեղի ունեցած ազգային երկխոսությունը բավարար չափով ներառական չէր:
Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան վերջերս Reuters-ին տված հարցազրույցում ասել է, որ իր վարչակազմը չի ցանկանում պաշտոնները բաշխել ըստ աղանդների, և որ առաջիկայում հայտարարվելիք ընդլայնված կառավարությունը կարող է ներառել ալավիներին:
Reuters-ը մեկ այլ հրապարակման մեջ հայտնել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է հայտարարության նախագիծը, որը դատապարտում է լայնածավալ բռնությունները Սիրիայի ափամերձ շրջաններում և երկրի ժամանակավոր իշխանություններին կոչ է անում պաշտպանել բոլոր սիրիացիներին՝ անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելությունից։
Վերջին տվյալների համաձայն՝ Սիրիայի արևմուտքում մարտի 6-ին իրադրության սրման սկզբից զոհվել է Ասադի 250 զինված կողմնակից, իսկ ուժայինները կորցրել են 231 մարտիկի։ Զոհված խաղաղ բնակիչների թիվը գերազանցել է 900-ը, նրանց մեծ մասը պատկանում է ալավիների համայնքին: