
ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հաստատեց Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը նիստի ընթացքում տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Լուսինե Բադալյանը որոշել է թողնել այդ պաշտոնը։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Բադալյանին այդ պաշտոնում կատարած աշխատանքի համար և հուսալ, որ նույն տրամաբանությամբ կշարունակենք աշխատանքն արդեն որպես հանձնաժողովի անդամ։ Հաշվի առնելով, որ այդ պաշտոնը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն է վերապահված, խմբակցությունն այդ պաշտոնում առաջարկել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը»,-նշեց Թորոսյանը։
Նորանշանակ տեղակալ Հռիփսիմե Հունանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանին և Լուսինե Բադալյանին արդյունավետ համագործակցության համար։
«Չորս տարի մենք շատ լավ աշխատել ենք բարենպաստ պայմաններում։ Ես երկար տարիներ աշխատել եմ առողջապահության բնագավառում, ոլորտին քաջատեղյակ եմ և պատրաստ եմ շարունակել հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը»,- ասաց Հռիփսիմե Հունանյանը։
Հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին Հունանյանի թեկնածությանը, և նա պաշտոնապես նշանակվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ
Հիշեցնենք, որ «սև շորերով պատգամավոր»-ին Արգիշտի Քյարամյանի նկատողությունից հետո ԱԺ ամբիոնից «կուրաժիտ լինելու» նախատինք տված պատգամավոր Նարեկ Զեյնալյանը ցերեկային sms-ով «ինքնակամ» հրաժարվեց պատգամավորի մանդատից։ Ի նշան իր ընկերոջ նկատմամբ անարդար վերաբերմունքի դեմ բողոքի՝ պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ Լուլուն հրաժարվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։
Այժմ փոխնախագահի պաշտոնում նշանակվել է բարձրագույն կրթություն չունեցող, բուժքույր Հռիփսիմե Հունանյանը։