Երբ նախորդ շաբաթ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց, որ Հայաստանի ճարտարապետների պալատը մտահոգություն է հայտնել «Կասկադ»-ի վերակառուցման ծրագրի վերաբերյալ, «Ջի Թի Բի» ընկերությունը անմիջապես նախաձեռնեց մարտի 1-ին հայտնած մտահոգության առիթով քննարկում: Իհարկե, այն դռնփակ արեցին, բայց «Ժողովուրդ» օրաթերթին գործընթացից որոշ հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել:
Նախ հիշեցնենք, որ «Կասկադ» համալիրի վերակառուցման մրցույթում հաղթել է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, որի հիմնական շահառուն 97.5 %-ով Գրիգոր Տեր-Ղազարյանն է, եւ թերեւս դրանով է պայմանավորված կոռուպցիոն հերթական շղթայի գործադրումը: Ըստ ամենայնի, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից բոլոր իշխանական լծակները գործի են դրվել, որ «Կասկադ» համալիրի վերակառուցումը իրականացնի հենց այս ընկերությունը, որի հաղթելու գործընթացը մասնագետները կասկածահարույց են համարում:
Բանն այն է, որ Երեւանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը ներկայացնում է «Հանրապետություն» կուսակցությունը, որի նախագահ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է Գրիգոր Տեր-Ղազարյանը: Բացի դրանից, այդ ընթացքում Ավինյանն ու Ղազարյանը հասցրել են «գործի բերումով» մտերմանալ:
Եվ ահա, երեկ «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն հրավիրել էր շուրջ 300 անդամ ունեցող Հայաստանի Ճարտարապետների պալատին՝ քննարկելու «Կասկադի» ծրագիրը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մի քանի ճարտարապետներ են ընդամենը ներկայացել այդ հանդիպմանը, որոնք ՔՊ-ի հետ այս կամ այն թելով կապված են: Մեծ մասը մերժել է նրանց:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ներկա է եղել Հայաստանի Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, որը Երեւանի ավագանու «Քաղպայմանագիր» խմբակցության անդամ է: Ի դեպ, նա նաեւ վերոնշյալ «մտահոգ բաց նամակ»-ի հեղինակներից է և փաստացի երկակի չափանիշներ է գործադրում: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի մտերմուհին՝ ճարտարագիտական համալսարանի Քաղաքաշինության ամբիոնի վարիչ Զառա Մամյանը եւ Անահիտ Թարխանյանը, որի տղան ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականն է:
Նրանք քննարկել են, հարթել սուր անկյունները, բայց ինչպես՝ պարզ չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Կասկադ» համալիրի համահեղինակներից որեւէ մեկի ժառանգը չի մասնակցել այդ կարեւոր քննարկմանը՝
. ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյան,
. Սարգիս Գյուրզադյանի իրավահաջորդ Մարիամ Գյուրզադյան,
. Ջիմ Թորոսյանի իրավահաջորդ Անահիտ Թորոսյան:
Նրանց հետ հարցը չի քննարկվել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա, եւ «Կասկադի» շարունակության ճիշտ կառուցումը վտանգված է:
Հիշեցնենք, որ «Կասկադի» վերակառուցման կասկածելի գործարքի հաղթողը խոստացել է թանգարան, շուրջ 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարան, արվեստանոցներ, ժամանցի և հանգստի գոտիներ կառուցել: Խոսքը նույն «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ի սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանի մասին է, որը 2009-ին խարդախության համար դատապարտվել է, եւ այդ դատավճիռը հրապարակեց «Ժողովուրդ» օրաթերթը:
ՀՖՖ-ի մարզած երիտասարդ թիմերը 42 գնդակ են բաց թողել. հայկական ֆուտբոլը ապագա չունի. փաստեր
Վրաստան-Հայաստան ֆուտբոլային խաղի ընդհանուր հաշվով 9:1 պարտությունը էլի զայրացրել է հայ ֆուտբոլասերներին, բայց պետք է իրավիճակին սթափ աչքով նայել եւ արձանագրել, որ մոտ ապագայում դեռ մենք չենք էլ կարող երազել լավ ֆուտբոլի մասին: Առաջիկայում հիմնական խաղացողները պետք է լինեն հետհեղափոխական մարզումներ անցած եւ արդեն տապալում արձանագրած ֆուտբոլիստները: Ինչո՞ւ. խոսե՛նք փաստերով:
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց աղյուսակները եւ պարզեց, որ Հայաստանի 17, 19 եւ 21 տարեկանների հավաքականների խաղերից Եվրո 25-ի խմբային որակավորման խաղերում բոլոր երեք տարիքայիններն էլ զբաղեցրել են վերջին հորիզոնականները, երեքը միասին կրել են 14 պարտություն, 2 ոչ-ոքի եւ 0 հաղթանակ: (Տե՛ս սանդղակի լուսանկարը): Սա նշանակում է, որ մեր ֆուտբոլի ապագան համարվող հավաքականները միայն այս մրցելույթներում բաց են թողել 42 գնդակ, խփել՝ միայն 4-ը: Սա այն սերունդն է, որի ուղղակի պատասխանատուն ֆուտբոլային հենց այս իշխանություններն են՝ հետհեղափոխական Հայաստանում պատրաստված ֆուտբոլիստները: Այսինքն՝ առաջիկա տարիներին նրանցից պետք է համալրվի հայկական հավաքականը: Թե ինչ են արել ՀՖՖ-ում, որ երեխաները ֆուտբոլում հաջողելու փոխարեն արդյունք չունեն, թերեւս զբաղվեն իրավապահները, հարցեր տան վերջապես, թե ուր են ԲԿՄԱ-ում հայտնված «տաղանդավոր ֆուտբոլիստները», կամ գոնե՝ ինչպես են նրանք հայտնվել բանակային ֆուտբոլի թիմում ու, ըստ էության, ազատվել բանակից:
Ահա հենց այս իրողությունները հաշվի առնելով է, որ Մելիքբեկյան-Նիկողոսյան զույգի գործողությունների ու անգործության մասին առաջիններից մեկը խոսել է «Ժողովուրդ» օրաթերթը եւ ներկայացրել փաստեր, որ Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ պարտավոր է կազմակերպել իր հովանավորյալների հեռացումը՝ հայկական ֆուտբոլը աղետից փրկելու համար: Տարիներ շարունակ ականջալուր չեղան մեր հրապարակումներին, ու արդյունքը համազգային սպորտային նվաստացումն էր Երեւանում եւ Թբիլիսիում: Եվ ամենաողբերգականն այն է, որ այդ խայտառակությանը հետեւում էր անձամբ երկրի ղեկավարը իր նախարարներով ու մերձավորներով:
2050 թ.-ին աշխարհի ու Եվրոպայի առաջնության մրցանակային տեղ խոստացած Նիկոլ Փաշինյանը միայն հիմա իր աչքերով տեսավ, որ իր թերթի սպորտային լրագրող Արմեն Նիկողոսյանն ու ՀՖՖ նախագահ «ընտրված» Արմեն Մելիքբեկյանն այս տարիների ընթացքում, մեղմ ասած, խաբել ու զբաղվել են ամեն ինչով՝ բացի ֆուտբոլը զարգացնելուց:
«Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՖՖ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ հայկական ֆուտբոլում բարոյահոգեբանական վիճակը խայտառակ ծանր է, իրար հետեւից հեռացող խոշոր ներդրողներին ամենայն հավանականությամբ կհետեւեն նորերը, եւ նորմալ չէ, երբ իշխանությունները չեն արձագանքում երկրի չեմպիոն «Փյունիկ»-ի արդեն նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հեռանալուն, չեն արձագանքում Գյումրու «Շիրակի»-ի սուր հայտարարություններին, «Սեւան», «Լոռի» եւ այլ ակումբների սեփականատերերի անցյալի տագնապալի ազդակներին, չեն արձագանքում, որ աշխարհի ամենահայտնի հայը՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն անգամ լքեց մեր հավաքականը:
Արդյունքը սա է ու հայկական ֆուտբոլի դժոխային վիճակը, որից դուրս գալու ելքերն այլեւս տեսանելի չեն: ՀՖՖ-ն այս տարիների ընթացքում ֆուտբոլի մակարդակը իջեցրեց ջիբրալթարների, սանմարինոների ու Ֆարերյան կղզիների մակարդակին:
Հ.Գ մեզ փոխանցում են, որ եթե շարունակեն ֆեդերացիայի ղեկին մնալ Արմենները, ապա հաջորդ փուլով հավաքականը կլքեն նաեւ մնացած ֆուտբոլիստների մի մասը: Ու այս ֆոնին երկրի իշխանությունները շարունակում են պահել իրենց հովանավորլայներին՝ թքած ունենալով մի ամբողջ սերնդի երազանքի ու ֆուտբոլային ապագայի վրա: Գլխավորը՝ Արմեն Մելիքբեկյանը Նիկոլ Փաշինյանի հոր անվան մրցաշար է կազմակերպում, փաստացի քծնում վարչապետին, որ պահպանի ՀՖՖ պաշտոնն ու շարունակի ապականել դաշտը:
«Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, գործուն ջանքեր գործադրեց՝ ՀՖՖ-ից ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու, բայց, ինչպես միշտ, չստացվեց:
Մեզ մնում է հիշեցնել, որ Արմեն Մելիքբեկյանը խոստացել է ավելի լավ ֆուտբոլ ունենալ եւ առաջ գնալ:
Վարդան Ղուկասյանը զայրացնում է ՔՊ-ին. ճնշումներ և վիրավորանքներ՝ Գյումրու թեկնածուների հասցեին
Իշխող «Քաղպայմանագիրը» իր ողջ ռեսուրսով՝ և՛ քարոզչական, և՛ պաշտոնական, աշխատում է «չեզոքացնել» Վարդան Ղուկասյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ քարոզչության այս օրերին տուն-տուն, բակ-բակ շրջելու արդյունքում ՔՊ-ն պարզել է, որ «նախկին թալանչի» եզրույթը Գյումրիում արդիական չէ, և Վարդան Ղուկասյանը ակնհայտորեն առաջատար է. ուստի հրահանգվել է նրան վարկաբեկելու, թիմակիցներին ահաբեկելու քայլերին նոր թափ հաղորդել: Անգամ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը իշխանական լրատվամիջոցի հետ զրույցում, ակնհայտորեն վիրավորելով Գյումրիում առաջադրված մյուս բոլոր ուժերին և թեկնածուներին, երեկ հայտարարեց, թե «8 ուժերից որեւէ մեկին ձայն տալ նշանակում է քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին»:
Այսինքն, ըստ Էմմա Պալյանի, մյուս բոլոր 8 ուժերը Վարդան Ղուկասյանի արբանյակներն են՝ այդ թվում և Եվրադաշինքը, որը օրուգիշեր եվրոպական արժեքներ է քարոզում՝ ի հակադրություն կումունիստական կուսակցության կողմից առաջադրված Վարդան Ղուկասյանի քարոզչության:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի գործողությունների մասով քննությունը քննչական կոմիտեում դեռեւս շարունակվում է։ Ինչ է այսքան քննում նախաքննական մարմինը եւ ինչի է ապասում՝ թերեւս դժվար չէ կանխատեսել։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն հետեւյալ բովանդակությամբ, որ 2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը: Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը: Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է: Հաշվի առնելով այդ իրողությունը, համաձայն ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ խնդրում ենք տեղեկացնել.
Ի՞նչ գործ է եղել հարուցված, որով անցել է Արփի Դավոյանը:
Ի՞նչ կարգավիճակ ունի նա քրեական գործով:
Ի՞նչ փաստական հանգամանքներ են պարզվել Արփի Դավոյանի գործունեության մասով:
Ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքացի Արփի Դավոյանը հարցաքննվել է որպես վկա եւ դատավարական այլ կարգավիճակ չի ունեցել։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։
Այսպիսով, Արփի Դավոյանը, որ օրուգիշեր ԱԺ ամբիոնից բարոյախրատական դասեր է տալիս ընդդիմախոսներին, քրեական գործով վկա է անցնում:
Իհարկե, վկայից մեղադրյալ մեկ քայլ է, բայց թերեւս ոչ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Կամ դա կլինի այն ժամանակ, երբ Արփի Դավոյանը դուրս գա խմբակցությունից:
Ի դեպ, ամիսներ շարունակ թիմից նեղացած Արփի Դավոյանը չի մասնակցում ՔՊ վարչության նիստերին: Տիգրան Ավինյանի մասով կոռուպցիոն ներթիմային բացահայտումներից, դրա հետևանքով՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում մերժվելուց հետո Արփի Դավոյանը նեղսրտել է, չի գնում կուսակցության վարչության նիստերին:
Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի հետեւել այս գործի քննությանը:
Հավելենք, որ այս քրեական վարույթը դեռեւս 2023 թվականից մեր ուշադրության կենտրոնում է, սակայն մինչ օրս որևէ տեղաշարժ չկա:
























