ՊԱՀՈՑ ՇՐՋԱՆԸ ԿԿԻՍՎԻ. ՇՈՒՏՈՎ ՄԻՋԻՆՔ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առհասարակ հայ առաքելական սուրբ եկեղեցու ցանկացած տոն, ավանդույթ եւ սովորություն ինքնին հետաքրքիր է, սակայն այս անգամ կանդրադառնանք պահոց շրջանին։

Մեծ պահքի շրջանը, որքանով էլ որ փորձություններով լի է, այնքան էլ հետաքրքիր շրջան է։

Պահոց շրջանը շուտով կկիսվի, այսինքն՝ շուտով միջինք է։

Միջինքին Մեծ պահքը չի ընդհատվում, պահեցողները շարունակում են պահք պահել: Այդ օրը նախանշում է, որ մինչ Հիսուսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Զատիկը, մնացել է 24 օր։

Ըստ Մաղաքիա արքեպս. Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Այդ շրջանում պահեցողները օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլեւ մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից:

 

Մեծ պասը լուծվում է Զատիկին եւ բացվում ձվով ու ձկնեղենով: Ինչպես Ավետարանն է պատվիրում, ուտողը թող չանգոսնի չուտողին եւ փոխադարձաբար չուտողն էլ թող չքննադատի ուտողին: Թող յուրաքանչյուր ոք իր միտքը հաճեցնի եւ, որ գլխավորն է ու Մեծ պասի կարեւոր խորհուրդը, առանց ինքնաքննության, զղջումի ու առաքինի գործերի, պահեցողությունը արժեք չի կարող ներկայացնել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարի՝ 2025-ին, միջինքը նշվում է մարտի 26-ին՝ չորեքշաբթի օրը։

Իսկ ի՞նչ են անում միջինքի ժամանակ։ Նշենք, որ միջինքը տոն չէ, սակայն հին հայկական տներում միջինքի ժամանակ պատրաստել են բաղարջ կամ գաթա, որի մեջ թաքցրել են մետաղադրամ, ուլունք, լոբու հատիկ։ Բաղարջը հայտնի է նաեւ այլ անվանումներով՝ միջնաբաղջ, կլոճ, հարեգիլ, միջնակ լոճ, միջնապլիթ, կուտապ եւ այլն։

Առավել հետաքրքիր է միջինքի բաղարջը կամ գաթան կտրելու ընթացքը. տան ավագը բաղարջը դնում էր տան ամենափոքր անդամի մեջքին եւ կտրատում։ Ամենափոքրը, ում մեջքին կտրատվել է բաղարջը, որոշում է, թե ում պետք է տան բաղարջի կտորը։ Ում բաժնից դուրս էր գալիս թաքցրած մետաղադրամը, ապա այդ տարում հաջողությունների պակաս չէր ունենա այդ մարդը։

Հին Ջուղայում հավատում էին, որ եթե բաղարջը կտրելու ժամանակ նշանը դիպչեր դանակին, ընտանիքի ապրուստի աղբյուրը հողն էր լինելու. դանակը նույնացվում էր գութանի խոփի հետ։

Հնուց մինչ օրս ոչինչ չի փոխվել։ Այժմ էլ տան տիկինները պատրաստում են բաղարջ կամ գաթա, մեջը թաքցնում մետաղադրամ եւ ամեն բան շարունակում ըստ հերթականության։

Սա, կարելի է ասել, հայկական ավանդույթներից ամենասպասվածն ու սիրվածն է։

Միջինքի ծեսով կարելի է համարել, որ փոքր ինչ մեղմվում է պահոց շրջանը։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

ՄԱՍԿԸ 2 ԱՄՍՈՒՄ ԿՈՐՑՐԵԼ Է 148 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Ձեռներեց, ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչության ղեկավար Իլոն Մասկը երկու ամսում կորցրել է 148 միլիարդ դոլար, բայց, այնուամենայնիվ, մնացել է աշխարհի ամենահարուստ մարդը, գրում է Bild-ը:

Մասկի կարողությունն այժմ 321 միլիարդ դոլար է, եւ այն արագորեն նվազում է։ Հիմնական պատճառը նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր Մասկի Tesla ընկերության արժեթղթերի գնի ավելի քան 40%-ով անկումն է։

ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչության ղեկավարումը ստանձնելուց հետո միլիարդատերն ակտիվ պայքար է սկսել բյուրոկրատիայի դեմ, ինչն ահռելի վնաս է հասցրել նրա հեղինակությանը եւ Tesla ընկերությանը: Նրան քննադատում են ԱՄՆ պետական կառույցներում, կազմակերպություններում եւ ծրագրերում զանգվածային կրճատումների համար, որոնք Մասկի հակառակորդները որակում են կամայական։ Դրա հետեւանքով Tesla-ի ավանդական հաճախորդների համայնքը՝ լիբերալ հայացքների տեր գնորդները, երես են թեքում ընկերության ղեկավարից:

Փետրվարին Tesla-ն վաճառել է 43,650 ավտոմեքենա՝ նախորդ տարվա համեմատ 6%-ով պակաս: Եվրոպայում վերջին շրջանում վաճառքի ծավալները նվազել են 75%-ով: Ավելին, ագրեսիվ ակտիվիստներն ԱՄՆ-ում հրկիզում են Tesla-ի մեքենաները եւ ընկերության ներկում ցուցասրահների պատերին ու ցուցափեղկերին «նացիստներ» գրություններ անում:

Այս ամենն անհանգստացնում է ներդրողներին։ Ներդրումային բանկիր Ռոս Գերբերն արդեն կոչ է արել Մասկին հեռանալ Tesla-ի ղեկավարի պաշտոնից, քանի որ նրա տոքսիկ կերպարը վնասում է ընկերությանը։

 

 

 

 

5,81 ՄԼՆ ԴՈԼԱՐ՝ ՁԱԳԻ ՀԱՄԱՐ

Հնդկաստանի շնաբույծների միության նախագահ Ս. Սաթիշը վերջերս 500 միլիոն ռուփի (5,81 միլիոն դոլար) է վճարել գայլի եւ կովկասյան հովվաշան խաչասերման արդյունքում ծնված եզակի ձագի համար, գրում է Oddity Central-ը՝ մանրամասնելով, որ այն փաստացի աշխարհում ամենաթանկ շունն է:

Հաղորդվում է, որ Կադաբոմբ Օկամի անունով կենդանին բուծվել է ԱՄՆ-ում: Դրա աստղաբաշխական գինը պայմանավորված է այն հանգամանքով, որ կենդանին իր տեսակով եզակի է: Ընդամենը ութ ամսականում այն արդեն կշռում է 75 կգ եւ ունի 80 սմ հասակ:

Տղամարդն ընդհանուր առմամբ պահում է ավելի քան 150 շուն իր յոթ հեկտարանոց կալվածքում եւ դրանցից ամենահազվագյուտներին ցուցադրում Հնդկաստանի տարբեր վայրերում անցկացվող միջոցառումների ժամանակ: Այդ միջոցառումներից յուրաքանչյուրից նա վաստակում է 3000-ից մինչեւ 12000 դոլար: Նա արդեն սկսել է Կադաբոմբ Օկամիին օգտագործել իր ներդրումները վերադարձնելու համար՝ ցուցադրելով դրան մի քանի բարձր մակարդակի միջոցառումների ժամանակ: Նա պնդում է, որ մարդիկ մեծ խմբերով հավաքվում են տեսնելու աշխարհի ամենաթանկ շանը:

«Ես փող եմ ծախսում այս շների վրա, քանի որ դրանք հազվագյուտ են: Բացի այդ, ես բավականաչափ գումար եմ ստանում, քանի որ մարդիկ միշտ հետաքրքրված են տեսնել դրանց: Նրանք սելֆիներ են անում շների հետ: Ես եւ իմ շունն ավելի շատ ուշադրության ենք արժանանում, քան դերասանը ֆիլմի պրեմիերայի ժամանակ», – նշել է տղամարդը:

 

 

 




Լրահոս