«ԱԲՈՎՅԱՆՈՒՄ ԺԱՎԵԼԻ ՍՊԻՐՏ ՉԵՄ ՎԱՃԱՌՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սարգիս Տաշչյանին բոլորս ճանաչում ենք Ժորիկ անունով («Դժվար ապրուստ»): «Ժողովուրդ» օրաթերթը պարտաճանաչ կերպով կատարում է իր ընթերցողների խնդրանքն ու ներկայացնում սերիալի հերոսներին էկրանից այն կողմ:  
Սարգիսն ավարտել է Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դերասանական բաժինը: Այնուհետեւ մեկնել է Մոսկվա, որտեղ բնակվել է 5 տարի: Վերադառնալուց հետո ընկերներից մեկի` դերասան Գնել Ուլիխանյանի միջամտությամբ սկսել է նկարահանվել նախ «Դիմակահանդես» սերիալում` Գոգայի դերում, ապա «Դժվար ապրուստ»-ում` մարմնավորելով Ժորիկի կերպարը:  
-Ինչո՞վ գրավեց Ժորիկի կերպարը, չէ՞ որ սկզբում այն այդքան էլ դրական չէր:
-Ինձ համար կապ չուներ` դրական էր, թե բացասական, կարեւորը ճիշտ մատուցեի: Դերասանի համար դրանք կերպարներ են, որ ինքը պետք է կարողանա ստեղծել: Դե հիմա տեսնում եք, որ Ժորիկը դարձել է ավելի լավն ու խորքային: Նա սեւ ու մութ տարիներ է ունեցել միայն այն պատճառով, որ իր գլխին ծնողներ չեն եղել, իսկ հիմա մորքուրի շնորհիվ նա դարձել է դրական մարդ եւ ճիշտ ճանապարհով է գնում:
-Մեր հասարակության մեջ շա՞տ են ժորիկները:
-Չգիտեմ, բայց իմ կերպարը մի բան է սովորեցնում. ինչքան էլ սխալ լինեք, երբեք ուշ չէ ճիշտ ճանապարհի վրա կանգնել:
-Ի՞նչն եք գնահատում այդ հերոսի մեջ:
-Անկեղծությունն ու բարությունը: Պարզ մարդ է, ոչ մեկից չի վախենում, ոչինչ չունի կորցնելու: Ինքն ապրում ու մտածում է էնպես, ոնց իրան ձեռք է տալիս: Թեթեւ, ուրախ տղա է, ամեն դժվարության մեջ էլ հարցի լուծում գտնում է:
-Սարգիսն ու Ժորիկը նմա՞ն են իրար:
-Տարբեր չեն շատ, մի քանի նման բաներ կան: Կյանքում ես Ժորիկի պես չեմ, ավելի լուրջ եմ, քայլն անելուց առաջ եմ մտածում, դաստիարակությունս այլ է, ծնողներս ինձ ճիշտ են դաստիարակել, իսկ Ժորիկն ինքն իրենով է մեծացել: Բարությամբ ենք նման, իմ մեջ չարություն չկա, չեմ նախանձում մարդկանց:
-Դրսում ճանաչող մարդիկ ինչե՞ր են ասում:
-Դե մեծամասնությունը Ժորիկով է ճանաչում, իսկ տատիկներն ու պապիկներն ասում են մորքուրի տղա: Ճիշտն ասած, այդ ամեն ինչը հաճելի է:
-Իսկ զվարճալի բաներ չե՞ն պատահել:
-Երբ սերիալի մեջ մորքուրը հիվանդանոցում էր, ամեն անգամ, երբ մտնում էի ցանկացած խանութ` ինչ-որ բան գնելու, մեկ էլ մեկը շատ լուրջ ինձ կարող էր հարցնել. «Վա՛յ, բալե՛ս, ի՞նչ առնենք, տանես մորքուրին»: Ինձ համար շատ ծիծաղելի է, երբ այդքան լուրջ են ընդունում:
Մեկ-մեկ էլ պատահում է հիմար սերունդ, որ քեզ քո կերտած կերպարի տեղն է դնում: Փորձում եմ բացատրել, որ մենք նույնը չենք:
Եթե մենք աշխատում ենք ժողովրդի համար, ուրեմն նրանք էլ պետք է մեզ հարգեն, եթե հարգանք չլինի, մենք էլ ոչինչ չենք անի: Եկե՛ք չմոռանանք մարդկային հարաբերությունների մասին: Չէ՞ որ մինչեւ դերասան լինելը մարդ եմ:  Մի բան էլ կցանկանայի ավելացնել: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել կադրի հետեում աշխատող մարդկանց, միշտ մեր մասին են գրում, իսկ նրանց մասին ոչ մեկը չգիտի:
-Այս խոսքերից հասկացա, որ ներքին խոհանոցում էլ ամեն բան հարթ է:
-Համերաշխ ենք: Կեղծավորություն չանեմ, ասեմ, որ ֆիլմից դուրս` քչերի հետ եմ շփվում, բայց երբ մենք հավաքված ենք որեւէ նկարահանման հրապարակում, շատ ջերմ ենք: Չնայած գիտեմ, որ կլինեն նաեւ բամբասանքներ:
-Հետաքրքիր է, իսկ Ձեր մասին ի՞նչ բամբասանքներ եք լսել:
-Ա՛յ դա մեծ զավեշտ է: Սկսեմ թվարկել` Աբովյանում ժավելի սպիրտ եմ ծախում, «Ռոսիա» տոնավաճառում նասկի, ձեռնոց, գլխարկ եմ վաճառում, գիշերային ժամերին տաքսիստ եմ, հարուստի տղա եմ, որ չունի փողի պրոբլեմ, հավեսի համար է նկարվում, կամ որ Ֆլորա Մարտիրոսյանի միջնեկ տղան եմ… Ո՞րն ասեմ: Մեկն էլ հիշեցի. իբր Էլենի դերակատարի հետ եմ նշանված, ամուսնացած եմ, 2 երեխա ունեմ… ու էդպես շարունակ:  
-Կադրից դուրս ինչպիսի՞ն եք:
-Նեղ ընկերական միջավայրում աշխատում եմ ուրախ լինել, նույնիսկ եթե վատ տրամադրություն ունենամ, չեմ նստի ու չեմ պատմի, ի՞նչ կարիք կա ուրիշի տրամադրությունը փչացնելու:
-Ժամանցի ինչպիսի՞ վայրեր եք նախընտրում:
-Ամեն ինչ կախված է տրամադրությունից: Գժական տեղեր չեմ սիրում, ավելի հանգիստ վայրեր եմ նախընտրում, որ միմյանց լսել ու հասկանալ լինի: Եթե նկատեցիք, նույնիսկ մեր զրույցի ընթացքում ես ձեւական բառեր ու վարքագիծ չեմ դրսեւորում, անմիջական եմ, շփվող: Նաեւ կարգապահ եմ, երբեք չեմ ուշանա: Բայց ինձ հունից կարելի է հանել, երբ խաբում են: Սուտը ոչ մի դեպքում չեմ հանդուրժում: Ունեմ լուրջ շրջապատ, ընկերներիս հարգանքը:
-Իսկ սիրած աղջի՞կ:
-Դե ընտրած աղջիկ չունեմ, բայց կա մի աղջիկ, ում ես փիսիկ եմ ասում, իր հետ 1 տարի է արդեն` ծանոթ եմ, շատ լավ մարդ է, կարելի է լրջացնել հարաբերությունները: Ինքն էլ տեղյակ է այդ մասին:
-Իսկ ինչո՞ւ չեք լրջացնում:
-Դե, կարծում եմ` ժամանակը կաշխատի հօգուտ մեզ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս