Armenian text to speach

ԴԱՆԱԿԱՀԱՐՎԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՔՆՆԻՉԻ ՈՐԴԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Չարենցավանի սպանության դեպքով դանակահարվածներից մեկը՝ 21-ամյա Ստյոպա Իսկանդարյանը, ոստիկանության Չարենցավանի պետի տեղակալ Արթուր Իսկանդարյանի եղբոր որդին է, իսկ հայրը քննիչ է:

 

Կոտայքի մարզում մի խումբ անձանց միջեւ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարության հետեւանքով 6 անձ տեղափոխվել է հիվանդանոց, որից 1-ը մահացել է: 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 10-րդ կետերով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 12-րդ կետերով եւ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 12-րդ կետերով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 4 անձ տուժող են ճանաչվել:

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ վիճաբանության պատճառը միմյանց երկար ու «թարս» նայելն է եղել, ինչից հետո սկսվել է վեճ մի խումբ տղաների միջեւ, եւ մեկ անձ սպանվել է:

Մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ 21-ամյա Ռուբիկ Խանոյանն է: Վիրավորներն են Չարենցավան քաղաքի բնակիչներ 20-ամյա Գոռ Մանուչարյանը, 21-ամյա Ստյոպա Իսկանդարյանը եւ 21-ամյա Ռաֆիկ Մարգարյանը. նրանք հիվանդանոցում են։

Հիշեցնենք, որ դեպքը եղել էր մարտի 29-ին. Porsche Cayenne-ով եւ Jeep-ով Չարենցավանի հիվանդանոց էին տեղափոխվել 1 մահացած եւ 3 վիրավոր քաղաքացիներ։ Սպանությունը եղել էր Չարենցավանի հայտնի Ginats ռեստորանի հարակից տարածքում։ Քրեական վարույթի շրջանակներում 20-ից ավելի երիտասարդներ են հարցաքննվել, ավելին՝ ենթադրյալ սպանություն կատարողը ինքնակամ ներկայացել է իրավապահներին, եւ ձերբակալված անձանցից մեկն էլ նա է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՎԱՐՈՒՅԹԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Վ.Գ.-ն, զբաղեցնելով «Սեւան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի տեղակալի, իսկ այնուհետեւ՝ տնօրենի պաշտոնը, կազմել է կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն եւ մի խումբ անձանց օժանդակությամբ ՊՈԱԿ-ից կատարել խոշոր չափերով՝ ընդհանուր 3 մլն 682 հզր 691 ՀՀ դրամ գումարի հափշտակություն: Մասնավորապես՝ ՊՈԱԿ-ի եւ Վ.Գ.-ի կողմից հիմնադրված ընկերության միջեւ կնքված պայմանագրով նախատեսվել է իրականացնել ցանկապաման եւ տնկարանի հիմնման աշխատանքներ, որոնց ամբողջ ծավալով կատարված չլինելու պայմաններում՝ կեղծ կատարողական ակտի հիման վրա հաստատվել է պայմանագրով նախատեսված աշխատանքների իբրեւ ամբողջ ծավալով կատարված լինելու հանգամանքը: Արդյունքում, ՊՈԱԿ-ի կողմից ընկերությանն է փոխանցվել պայմանագրի ամբողջ գումարը, որից 3 մլն 682 հզր 691 ՀՀ դրամը հափշտակվել է:

Բացի այդ, Վ.Գ.-ն օգտագործելով իր ծառայողական լիազորությունները՝ մի խումբ անձանց օժանդակությամբ ՊՈԱԿ-ից հափշտակել է խոշոր չափերով՝ ընդհանուր 3 մլն ՀՀ դրամ գումար: Բացի այդ, ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը կազմել է կեղծ հաշվետվություններ եւ մի խումբ անձանց օժանդակությամբ խարդախությամբ հափշտակել պետության՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 20 մլն 405 հզր 214 ՀՀ դրամ գումարը, այնուհետեւ իրականացրել է հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում՝ նպատակ ունենալով թաքցնել եւ խեղաթյուրել դրանց իրական բնույթն ու հանցավոր ծագման աղբյուրը:

Վ.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) (2 դրվագ), 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) (3 դրվագ), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում: 2025 թվականի մարտի 27-ին որոշում է կայացվել Վ.Գ.-ի նկատմամբ իրականացնել հեռակա վարույթ։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

 

 

ԳԼԽԻՎԱՅՐ ՇՐՋՎԵԼ Է

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 13:40-ի սահմաններում սահմաններում Kia Sportage մակնիշի ավտոմեքենան Առնո Բաբաջանյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հողաթմբին եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:  Վթարի հետեւանքով վարորդն ու նրա անչափահաս ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը եւ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երեւանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Վթարի փաստով ՊԾ Երեւան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձեւակերպվում, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի եւ ուղեւորի ինքնությունը: Վարորդը ենթարկվում է սթափության փորձաքննության, եղել է սթափ, նա եւ ուղեւորը եղել են ամրակապված, եւ դրա շնորհիվ է, որ նրանք ավտոմեքենայից դուրս չեն հայտնվել:

 




Լրահոս