ArmLur.am-ին ահազանգում են «Վեսթ Արմենիա» ֆուտբոլային թիմի խաղացողներն այն մասին, որ արդեն ամիսներ է, ինչ թիմի սեփականատերը հրաժարվում է խաղացողների աշխատավարձերը տրամադրել:
«Հունվարից այս կողմ աշխատավարձ չենք ստացել: Մինչև այս էլ եղել է նման խնդիր, սակայն մաս-մաս վճարել են, երբ ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները փոխանցեցին: Դրանից հետո, մինչ օրս խաղացողներից ոչ մեկը մի կոպեկ չի ստացել»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Վեսթ Արմենիա» թիմի ավագ Արթուր Քարտաշյանը:
Այս 5 ամսվա ընթացքում կոպեկ անգամ չվճարելով թիմին՝ փորձել են փափուկ բարձ դնել ֆուտբոլիստների գլխի տակ՝ վստահեցնելով, որ գործընկերներ-հովանավորների կողմից գումարը փոխանցելուն պես, տրամադրվելու է բոլորի աշխատավարձերը:
«4-5 ամիս է՝ աշխատավարձ չենք ստացել: Բողոքել ենք մեր թիմի սեփականատեր Ռոբերտ Բազիլիին, ով խոստացավ պարտնյորներից գումարն ստանալուն պես մեզ տալ աշխատավարձերը: Երկար սպասեցինք, որևէ արձագանք չկար: Նա մեզ տրամադրեց պարտնյորներից մեկի կոնտակտները, ստացվեց կապ հաստատել և զրուցել վերջինիս հետ, համաձայնության եկանք: Պարտավորթյուններ կատարելու փաստաթուղթ ստորագրեց տվյալ պարտնյորը և փաստաթղթից մեկ օրինակ մեզ տրամադրեց: Եկավ խոստացված ժամանակը, գումարը չփոխանցեց, զանգեցինք՝ չկար, մեր սեփականատերը ևս զանգեց, էլի չկար: Ստացվեց՝ նրա կողմից էլ խաբվեցինք: Խաբեություն էր»,- նշեց Քարտաշյանը:
Այնուհետև՝ ֆուտբոլիստները փորձել են սեփական ուժերով թիմի համար նոր սեփականատեր փնտրել, շատերը խոստացան, սակայն, ինչ-ինչ խնդիրների շուրջ համաձայնության չգալով, համագործակցությունը տեղի չունեցավ: Ֆուտբոլիստներն էլ ասում են՝ մենք սեփականատերից ենք աշխատավարձ պահանջում, մենք իրեն ենք տեսել, իր հետ ենք պայմանագիր կնքել: Ինչպես ArmLur.am-ի զրուցակիցն է հայտնում, թիմի սեփակաանատերը ֆուտբոլիստներին պարտք է 5 ամսվա աշխատավարձ՝ մոտ 200 հազար դոլար:
Թիմի ավագ Քարտաշյանն ասաց, որ ամեն ինչ անելու են, որ իրենց հասանելիք գումարն ստանան:
«Մենք մինչև վերջ գնալու ենք, որ մեր գումարներն ստանանք, որովհետև մեր չարչարանքն է դա: Կոնկրետ ես դիմելու եմ փաստաբանների, ՈՒԵՖԱ-ին, որ իմ աշխատած գումարն ստանամ: Մենք ավել գումար ոչ մեկից չենք պահանջում, մենք մեր հալալ քրտինքով վաստակածն ենք պահանջում: Ֆուտբոլում անթույլատրելի է նման ծայրահեղական երևույթ»,- եզրափակեց թիմի ավագ Արթուր Քարտաշյանը:
Նանիկ Աղասյան

























