Իսրայելի և Իրանի միջև ռազմական հակամարտությունը մտել է նոր՝ առավել վտանգավոր փուլ: Վերջին օրերի ընթացքում երկու երկրները միմյանց դեմ իրականացրել են մի շարք ռազմական գործողություններ, որոնք հանգեցրել են զգալի մարդկային կորուստների և նյութական վնասների:
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ օդուժի կործանիչները հարվածներ են հասցրել Իրանի Հեղափոխական գվարդիայի Ղուդս ուժերի հրամանատարական կենտրոններին: Ըստ նրանց այս կենտրոններից էին ղեկավարվում Իսրայելի դեմ ահաբեկչական գործողությունները:
Հրապարակված տեսանյութերում երևում է, որ Թեհրանում թիրախավորվել է 10 ռազմական օբյեկտ: Հարվածի է ենթարկվել նաև Իրանի արտգործնախարարության շենքը, կան վիրավորներ:
Իսրայելական հարվածների արդյունքում սպանվել են Իրանի Հեղափոխական գվարդիայի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ հետախուզության պետ գեներալ Մոհամմադ Քազեմին և նրա տեղակալ գեներալ Հասան Մոհաքիքը: Ավելի վաղ սպանվել էր նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեին Սալամին: Իսրայելը հարձակման հենց առաջին ժամերին թիրախավորել է միջուկային գիտնականներին, ովքեր, ինչպես պնդում են, ունեին միջուկային զենք պատրաստելու և նախագծելու խորը գիտելիքներ: Մոտ 25 գիտնական է թիրախավորվել, սակայն մինչև այժմ հաստատվել է առնվազն 6 գիտնականի մահը:
Իրանը պատասխան գործողություն էրիրականացրել՝ արձակելով հարյուրավոր բալիստիկ հրթիռներ դեպի Իսրայելի տարածք: «Ճշմարիտ խոստում 3» անվանված օպերացիայի շրջանակներում թիրախավորվել են բնակելի շենքեր և ենթակառուցվածքներ:
Իսրայելի Հայֆա քաղաքում հրթիռները հարվածել են նավթավերամշակման գործարանի շրջակայքին՝ առաջացնելով հրդեհներ և վնասելով շենքեր: Հարվածներ են հասցվել նաև Իսրայելի հարավային Զավդիել բնակավայրին:
Իրանի առողջապահության նախարարության տվյալներով, իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 224 մարդ, վիրավորվել՝ 1,277: Ողբերգականն այն է, որ զոհերի 90%-ը քաղաքացիական անձինք են:
Իսրայելում իրանական հարվածների հետևանքով զոհվել է 17 մարդ, վիրավորվել՝ 380:
Թեհրանի բնակիչները զանգվածաբար փորձում են լքել մայրաքաղաքը: Բենզալցակայանների մոտ գոյացել են երկար հերթեր: Բնակիչները նշում են, որ քաղաքում չկան պաշտպանական կառույցներ, որտեղ հնարավոր կլինի թաքնվել վտանգի դեպքում:
Շատերը փորձում են հասնել Կասպից ծովի ափամերձ՝ ավելի գյուղական և մեկուսացված շրջանները, սակայն ճանապարհները խցանված են:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս է հայտնել, որ Իսրայելի և Իրանի միջև համաձայնություն է կկնքվի: Միևնույն ժամանակ նա նշել է, որ «երբեմն պետք է թույլ տալ, որ կռվեն»:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է Եվրոպայի հանձնառությունը խաղաղության, կայունության և դիվանագիտական ջանքերի հանդեպ: Նա նաև մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի զարգացման վերաբերյալ:
Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը ողջունել է Թրամփի կոչը և ընդգծել երկկողմանի վնասների անդառնալի բնույթը:
Հակամարտությունը զգալի ազդեցություն է ունեցել համաշխարհային նավթի շուկայի վրա: Նավթի գները շարունակում են աճել՝ անցյալ շաբաթվա 7% աճից հետո: ԱՄՆ նավթի գինը բարձրացել է 1.2%-ով՝ հասնելով 73.85 դոլարի մեկ բարելի համար:
Իսրայելի ՊԲ-ի շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ գործողությունները Իրանի դեմ ոչ միայն կշարունակվեն, այլև կուժեղացվեն: Նրա խոսքերով, սա անհրաժեշտ է Իրանի կողմից «գոյութենական սպառնալիքը» չեզոքացնելու համար:
Երկու երկրները փոխադարձաբար նախազգուշացրել են միմյանց քաղաքացիներին՝ հեռու մնալ ռազմական և գիտական օբյեկտներից: Սա կարող է վկայել նոր հարվածների հավանականության մասին:
Միջազգային հանրությունը շարունակում է կոչ անել կողմերին՝ վերադառնալ դիվանագիտական երկխոսության դաշտ և կանխել հակամարտության հետագա էսկալացիան:
Հիշեցնենք, որ ԱՄՆ հետախուզական գործակալությունները փետրվարից ի վեր զգուշացնում էին, որ Իսրայելը, հավանաբար , այս տարի կփորձի հարվածել Իրանի միջուկային ծրագրի կարևորագույն օբյեկտներին, հայտնում է CNN-ը:
Իսկ ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված օպերացիայի գաղտնի նախապատրաստական աշխատանքները տևել են մոտ 8 ամիս:
Անի Վարդանյան























