Նինա Կարապետյանցը դադարեցնում է իրավապաշտպանի իր 25 տարվա գործունեությունը եւ այսուհետեւ զբաղվելու է քաղաքական գործունեությամբ։ «Ես ինձ համար շատ ծանր որոշում եմ կայացրել՝ դադարեցնել իրավապաշտպան գործունեությունս ու զբաղվել այն գործունեությամբ, որը իսկապես կարող է փոփոխություն բերել», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Նինա Կարապետյանցը:
Նա մեկն է ՆԺԱՐ սահմանադրական շարժման հիմնադիրներից:
ArmLur.am-ը զրուցել է Կարապետյանցի հետ՝ քաղաքական շարժման, նոր կառավարման համակարգ ստեղծելու եւ գալիք անելիքների մասին։
Արդեն նախկին իրավապաշտպանը չբացեց չակերտները, թե ով է այս քաղաքական շարժման առաջնորդը։
-Տիկի՛ն Կարապետյանց, ներկայիս իշխանություններն ակտիվացել են եւ քաղաքական քարոզարշավ են իրականացնում, եւ Դուք էլ հայտարարեցիք նոր քաղաքական թիմ ստեղծելու մասին. ո՞րն է լինելու ձեր թիմի առաքելությունը եւ ինչո՞ւ ՀՀ քաղաքացին պետք է հենց ձեզ վստահի իր քվեն:
-Իրականում սա բացառիկ իրավիճակ է, քանի որ հանդիպել են մարդիկ, որոնք իրենց անցած ճանապարհով տարբեր են, բայց միեւնույն ժամանակ կրում են նույն արժեհամակարգը՝ ազատությունը, արդարությունը, արժանապատվությունը։ Ամենակարեւորը, որ մենք առաջարկում ենք, փոփոխություններն են, որոնք համոզված եմ՝ որեւէ այլ թիմ չի առաջարկելու։ Մենք ներկայացնում ենք պետական կառավարման նոր մոդել, որի շրջանակներում որեւէ անձ կամ թիմ այլեւս երբեք հնարավորություն չի ունենալու միանձնյա որոշումներ կայացնել։ Ստեղծվելու է համակարգ, որտեղ իշխանության մեկ անձի, օրինակ՝ վարչապետի լիազորությունները սահմանափակվելու են եւ հավասարակշռվելու մեկ այլ կառույցի միջոցով՝ պետական խորհուրդ կոչվածի, որը մենք առաջարկելու ենք։
-Տիկի՛ն Կարապետյանց, այսինքն, դուք ցանկանում եք ամբողջությամբ փոխե՞լ կառավարման համակարգը:
-Այո՛, որովհետեւ այն կառավարման համակարգը, որը ունենք հիմա, չի կարող բարիք ստեղծել, եւ վտանգավոր է բոլորիս համար։ Երբ պետությունը ղեկավարում է մեկ անձ, եւ նա ունի անսահմանափակ բացառիկ լիազորություններ, այդ մեկ անձի վրա ազդելով կամ նրա անձնական հետաքրքրություններից ելնելով կարող են առաջանալ պետական անելիքներ, որոնք անդառնալի վտանգներ են պարունակում։
Մենք ստեղծելու ենք նոր մարմին, որը բալանսավորելու է այդ ամենը։ Նաեւ փոփոխվելու է նախագահի լիազորությունների համակարգը՝ այն դարձնելով կայուն ու լուրջ ինստիտուտ։
-Տիկի՛ն Կարապետյանց, Դուք ներկայացրիք ներկայիս համակարգի խնդիրները, սակայն Նիկոլ Փաշինյանը իր վերջին ասուլիսում այնպես էր խոսում՝ կարծես ամեն ինչ լավ է, իսկ ԱՄՆ-ում նախաստորագրված եռակողմ հռչակագիրը Հայաստանի փայլուն ապագայի երաշխիքն է: Ինչպե՞ս եք պատրաստվում իշխանությունը վերցնել Հայաստանում՝ երբ հնարավոր է, որ ստորագրվի «Խաղաղության պայմանագիր»-ը:
-Դեռ հարց է՝ արդյո՞ք այդ պայմանագիրը կլինի, թե՞ ոչ։ Թե ինչպես ենք մենք պատկերացնում՝ մի բան պարզ է. ամեն ինչ որոշվելու է ժողովրդի ընտրությամբ։ Պետք է ծավալուն աշխատանք տանել հասարակության հետ։
Կեղեքված, խաբված լինելու այնքան փորձ, որքան ունի մեր ժողովուրդը, չունի ոչ մի այլ ժողովուրդ, հետեւաբար մենք բացառապես ընտրությունների եւ հասարակության հետ համագործակցության ճանապարհով ենք առաջ շարժվելու։
Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ























