ԳՆԵՐԻ ԱՃԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ դեռ ամանորյա պատրաստություններին ահագին ժամանակ կա, այնուամենայնիվ, շուկայում նկատվում են այս օրերի համար լայն սպառման ապրանքների գների թանկացումներ, ընդ որում, բավականին շեշտակի: Օրինակ` 1 կգ  նուշը նախորդ տարի արժեր 4000 դրամ, հիմա` 4500-5000, հնդկական ընկույզի (արեխ) 1 կգ-ն արժեր  4000-4500 դրամ, հիմա 6500-7000 դրամ եւ այսպես շարունակ:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով, ինչո՞ւ Տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեն չի զսպում գնային այս խայտառակ թռիչքները: Եւ այսպես շարունակվելու դեպքում ի՞նչ իրավիճակ է սպասվում սննդամթերքի շուկայում:

ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ` քաջատեղյակ եք, որ համաձայն Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքի` ՏՄՊՊՀ-ն իրավասու է վերահսկել եւ որոշակի քայլեր ձեռնարկել միայն գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության հետեւանքով գների չհիմնավորված բարձրացման դեպքում: Գնային վերահսկողության առումով այլ լիազորություններ կամ իրավասություններ հանձնաժողովին օրենքով վերապահված չեն:
Միաժամանակ նշեմ, որ սկսած դեկտեմբերի 1-ից` ՏՄՊՊՀ-ն իրականացնում է ամենօրյա մոնիթորինգ` հատկապես սոցիալական նշանակության պարենային ապրանքների շուկայում տնտեսական մրցակցության հնարավոր խախտումները հայտնաբերելու նպատակով:

ՊԱՎԵԼ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի տեղակալ

ՊԱՏԱՍԽԱՆ. Տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեն գներին հետեւում է այնքանով, որքանով այդտեղ մենք ունենք գերիշխող դիրք:  ՏՄՊՊՀ-ն  մի դեպքում կարող է միջամտել, եթե կա չարամիտ գների ավելացում, եւ երկրորդ, եթե  տնտեսվարող սուբյեկտը չարաշահում է իր գերիշխող դիրքը: Եթե նման բան չկա, ապա գների բարձրացումն ու իջեցումը պայմանավորված են շուկայական  գործոններով, որտեղ ՏՄՊՊՀ-ն գործառույթ չունի:

 ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի
 մշտական հանձնաժողովի
նախագահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Տնտեսական մրցակցության  հանձնաժողովն  ի զորու չէ  նման գործառույթ  իրականացնելու, որովհետեւ  անկախ չէ: Նրանք պարզապես մարդկանց մի խումբ են, որոնք անկախ  գործելու  որեւէ իրավունք չունեն, առավել եւս նրանց անկախ գործելը հաստատ առնչվելու է օլիգարխների շահերի հետ, որոնք  այսօր  իշխանության մեջ այն օղակն են, որ կառավարում են ամբողջ տնտեսությունը եւ համագործակցում են իշխանությունների հետ: Հետեւաբար ՏՄՊՊՀ-ն չի կարող զսպել այն, ինչ տեղի է ունենում  մեր տնտեսության մեջ: Նրանք պարզապես  պետբյուջեից  միջոցներ ստացող, ժողովրդի հաշվին ապրող  օղակներ են եւ գործում են ժողովրդի դեմ: Կարծում եմ` տեղի կունենա այն, ինչ կատարվում է ամեն տարի Ամանորի նախաշեմին:

ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
տնտեսագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւի ճիշտ կլինի այս հարցն ուղղել հենց իրենց: Կոնկրետ այս տարվա հետ կապված պետք է նշեմ, որ ինձ էլ է անհանգստացնում այդ փաստը: Իսկ թե ինչու կոմիտեն չի զսպում գնային այս խայտառակ թռիչքները, դժվարանում եմ մեկնաբանություններ անել: Կարծում եմ` նրանք իսկապես պետք է միջամտեն եւ կարգավորեն գնաճի տեմպը:

 ԳԱԳԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ
Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ




Լրահոս