Երեկ ՀՀԿ կուսակցության տնտեսական սեմինարին չեն մասնակցել ԲՀԿ եւ ՕԵԿ մանդատով նշանակված նախարարները:
Մասնավորապես, ՀՀԿ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունն ու նոր տնտեսական ռազմավարությունը չեն հետաքրքրել ԲՀԿ-ական նախարարներ Հարություն Քուշկյանին ու Արթուր Գրիգորյանին: Պետք է նկատել, որ ՀՀԿ այս ռազմավարությունում ընդգրկված են եղել ե՛ւ առողջապահության, ե՛ւ սոցիալական ոլորտի խնդիրները, հետեւաբար առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը պետք է որ ներկա լինեին սեմինարին:
Նշենք, որ սեմինարին չի ներկայացել նաեւ ՕԵԿ մանդատով գյուղատնտեսության նախարար նշանակված Սերգո Կարապետյանը, ում ղեկավարած ոլորտի վերաբերյալ նույնպես քննարկումներ են ծավալվում: Ներկա չեն եղել նաեւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Այնինչ վերոնշյալ նախարարների ղեկավարած ոլորտներն անմիջապես առնչվում են տնտեսությանը:
«Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀԿ կուսակցության տնտեսական սեմինարին չեն մասնակցել ԲՀԿ եւ ՕԵԿ մանդատով նշանակված նախարարները: Եւ չե՞ն կարծում արդյոք, որ դա արհամարհանք է կամ բոյկոտ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը նշեց, որ չի կարծում, թե նրանց` սեմինարին ներկա չլինելը պայմանավորված է արհամարհանքով կամ բոյկոտով: «Ես որեւէ հանգամանքով չեմ պայմանավորում այն անձանց բացակայությունը, ովքեր որ հրավիրվել էին, բայց չեն մասնակցել, քանի որ ոչ միայն նրանք, այլեւ շատերը ներկա չեն գտնվել»,-ասաց Ա.Զաքարյանը` հավելելով, որ դա չխանգարեց, որպեսզի սեմինարը կայանա եւ անցնի բարձր մակարդակով. «Նիստը կայացավ այն ընկալումով, որ կառավարման համակարգում գոյություն ունեն ընդհանուր խնդիրներ, որոնք պահանջում են առաջնային լուծումներ: Պետք է նշեմ նաեւ, որ կառավարության կողմից առաջարկվող ծրագիրն ապագայի համար արժանացավ մեծ հավանության: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում գործնական նշանակություն ունեցող խնդիրները ճանապարհ կհարթեն, եւ տարբեր դաշտերում ծագած խնդիրներին լուծումներ կտրվեն»:
ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ԱՐՀԱՄԱՐՀԵՑԻՆ ՀՀԿ-ԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ