Երեկ Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա էր անցկացվում՝ ի պաշտպանություն Միքայել Սրբազանի։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։
«Ժողովուրդ»-ը ներկա էր ԱԺ-ի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիային եւ զրուցեց մասնակիցներից մեկի՝ «Նոր Հայաստան» ՀԿ-ի նախագահ Էլեոնորա Մանանդյանի հետ։
-Տիկի՛ն Մանանդյան, ի՞նչ սպասելիքներ ունեք այս ակցիայից, եւ որն է նստացույցի բուն նպատակը։
-Մենք որեւէ կոնկրետ սպասելիք չունենք։ Պարզապես որոշել ենք մեկ ժամ տեւողությամբ նստացույց իրականացնել՝ ցույց տալու, որ տարբեր ֆորմատների բողոքի ակցիաներ հնարավոր են եւ թույլատրելի։ Ցանկացած ձեւով պետք է պայքարել Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։
-Ազգային ժողովում ո՞ւմ եք համարում ձեզ թիմակից։
-Մենք մեզ համախոհ եւ թիմակից ենք համարում ողջ ընդդիմությանը՝ անկախ բոլոր տարբերություններից։ Բոլոր այն ուժերը, որոնք դեմ են այս «չարիքին», մեզ համար համախոհ են։ Ցավում եմ, որ նրանք չեն ցանկանում փոխվել կամ ճիշտ քայլեր անել, չեն անցնում ավելի ակտիվ գործողությունների։ Երբ նրանց այդ հարցում նկատողություն է արվում, պատասխան մեղադրանք ենք ստանում նաեւ մենք՝ այն դեպքում, երբ բոլոր ռեսուրսները պետք է ուղղվեն Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարին։ Այնուամենայնիվ, այո, նրանք մեր թիմակիցներն ու համախոհներն են։
-Տիկի՛ն Մանանդյան, խնդիր չե՞ք տեսնում, որ ընդդիմության ներսում էլ կան տարաձայնություններ ու պառակտում։ Կարծում եք, որ մեկ նպատակը ի զորու է միավորե՞լ ձեզ։
-Քաղաքական այն ուժերը, որոնք այսօր դաշտում են, ըստ էության, իրենց սպառել են։ Բայց մարդիկ, անհատները՝ ոչ։ Կան շատ արժանապատիվ եւ հիանալի անհատականություններ, որոնք եթե միավորվեն, վստահ եմ՝ կարող ենք իրական արդյունքի հասնել։ Սակայն ընդհանուր առմամբ՝ կուսակցական ուժերը սպառել են իրենց։ Մեր հույսը նաեւ անհատներն են, որոնց շնորհիվ, համոզված եմ, կարող ենք հաջողել:
Հ.Գ. Ըստ մեղադրական եզրակացության՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգեւոր աստիճան եւ հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետեւորդներ եւ հետեւաբար նաեւ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումներին, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաեւ 2025 թվականի հունիսի 21-ին՝ հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։
Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ



















































































