Կառավարություն մուկ բերած կինը հերթական «սյուրպրիզն» է պատրաստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության դիմաց հինգշաբթի օրը յուրօրինակ նախաձեռնությամբ էր հանդես եկել ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը: Նա եկել էր Կառավարության շենքի մոտ երկու տուփերով` մեկի մեջ կատու, մյուսի մեջ մուկ և այդ կերպ ցանկացել էր ողջունել ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Այս դեպքից հետո ոստիկանները եկել էին կնոջ տուն և տարել նրան ոստիկանության բաժանմունք:  Նրա նկատմամբ սահմանվել է տուգանք` վարչական իրավախախտումերի վերաբերյալ ՀՀ օրենքի 172 հոդվածի երկրորդ մասով՝ հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելու համար և տուգանել 20.000 դրամի չափով:

Տիկին Սուսաննան armlur.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց, թե դեռ իրեն չեն ուղարկել տուգանքի ենթարկելու փաստաթուղթը:

«Նրանք նշեցին, թե ամենացածր տուգանքի կենթարկեն` 20.000 դրամի չափով: Չեմ բողոքարկելու, լավ մեծ «սյուպրիզ» եմ անելու, հանգստություն չեն ունենալու, 20.000-ի փոխարեն երևի 20 միլիարդ իրենք ծախսեն` տակից դուրս չեն գալու ամբողջ երկրով մեկ», – նշեց նա:

Նշենք, որ հոդվածը շարադրված է  հետևյալ կերպ. «Փողոցները, մայթերը, հրապարակները, պուրակները, զբոսայգիները, մարզադաշտերը և հասարակական այլ վայրերն օգտագործելու` օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև վաթսունապատիկի չափով»:

 Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս