Ամանորը մոտենում է և պետական ամանորյա գնումները ակտիվանում են։ Սևանի համայնքապետարանը ամանորյա տոնածառի տեղադրման և հարակից տարածքի զարդարման ծառայություններ համար պայմանագիր է կնքել 3 մլն 200 հազար դրամ արժողությամբ «Ռիկոլ-Էդգա» ՍՊԸ-ի հետ։
Պայմանագրով սահմանված է հետևյալը․
«Սևանի համայնքապետարանի հարակից տարածքում նախորոք պետք է հավաքել բեմ և դրա վրա տեղադրել 7 մետր բարձրությամբ ամանորյա տոնածառ, այն զարդարել լույսերով և ամանորյա խաղալիքներով։ Բեմը, համայնքապետարանի շենքի ճակատային մասը և հրապարակի աջ և ձախ կողմերը զարդարել ամանորյա լույսերով, լուսային էֆեկտներով, ամանորյա խաղալիքներով։
Տոնածառի և հարակից տարածքի զարդարման ոճը, օգտագործվելիք լույսերը, լուսային էֆեկտները կատարել պատվիրատուի էսքիզներով»,- ասվում է պայմանագրում։
Ամանաորյա զարդարման համար անհրաժեշտ տոնածառի բոլոր մետաղական կոնստրուկցիաները, զարդանախշերը, լուսային էֆեկտները, խաղալիքները և լույսերը պայմանագրի կատարողն ինքն է ձեռք բերելու։
Պայմանագրում ներառված է նաև տոնակատարություններից հետո գույքի հավաումն ու Սևանի համայնքապետարանի տնօրինմանը հանձնելը։
Հետաքրքիրն այն է, որ այս ընկերությունը մասնակցություն ունի միայն Սևանի համայնքապետարանի գնումներում և միայն այս տարի է, որ մեկ անգամ պայմանագիր է կնքել «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ-ի հետ։
Ընկերության իրական շահառուն և 100 տոկոս բաժնետերը Կորյուն Աբրահամյանն է, իսկ ընկերությունը հիմնվել է 2010 թվականին։
Նմանատիպ ծառայությունը որոշ դետալներով կրկնվել է նաև նախորդ տարի, համաձայն բնութագրի, սակայն այդ պայմանագիրն արժեցել է 2,5 մլն դրամ։
Էմմա Միքայելյան



























