ԵՊՀ գրադարանի մուտքի մոտ կհիմնադրվի երախտիքի ծառուղի, որտեղ կտեղադրվեն հայանպաստ գործունեություն ծավալած օտարազգի հայտնի գործիչների կիսանդրիները:
Երևանի պետական համալսարանը Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ նախաձեռնել է երախտիքի ծառուղու հիմնում, որտեղ կտեղադրվեն 20-րդ դարի սկզբի մեծագույն ողբերգությունը հասարակական լայն շրջանակներում քննադատած, բողոքի ու կարեկցանքի խոսքեր արտահայտած, ինչպես նաև հայության մի ստվար հատվածին մահվան ճիրաններից փրկած ու բազմապիսի օգնություն ցուցաբերած օտարազգի հայտնի գործիչների կիսանդրիները:
Այդպիսի գործիչների թիվը, բնականաբար, շատ-շատ է, սակայն խորհրդանշական ընտրվել են 12 գործիչներ՝ Ֆրիտյոֆ Նանսեն, Ֆրանց Վերֆել, Յոհաննես Լեփսիուս, Կարեն Յեպպե, Հենրի Մորգենթաու, Ջեյմս Բրայս, Արմին Վեգներ, Անատոլ Ֆրանս, Յակոբ Քյունցլեր, Ռաֆայել Լեմկին, Պիեռ Քիառ և Ալմա Յոհանսոն:
Երախտիքի ծառուղին ստեղծելու նպատակով Մայր բուհը վարչական, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և այլ աշխատակիցների շրջանում նախաձեռնում է դրամահավաք:
Յուրաքանչյուր ոք, ով ուզում է մասնակից դառնալ նախադեպը չունեցող իրադարձությանը, կարող է հնարավորության սահմաններում ֆինանսապես աջակցել Հայոց ցեղասպանության հիշատակը հարգող ծառուղու ստեղծմանը:
Գործընթացը կազմակերպելու համար ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումներում, մասնավորապես ֆակուլտետներում ստորաբաժանումների ղեկավարների, դասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք հավաքված գումարը սահմանված պարբերականությամբ և արձանագրությամբ կհանձնեն ԵՊՀ հաշվապահությանը:
Դրամահավաքն անցկացվում է բացառապես կամավորության հիմունքներով և անանուն, սակայն իրենց անունն ու գումարի չափը հրապարակել ցանկացողները կունենան այդ հնարավորությունը:
Հավելենք, որ այս նախաձեռնությունը ոչ միայն Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ Երևանի պետական համալսարանի երախտիքի խոսքն է հայության իրավունքների ու շահերի պաշտպանությամբ հանդես եկած օտարազգի մեծ մարդասերներին, այլև հայության դեմ իրագործված մեծագույն ոճիրը դատապարտող գաղափարի շուրջ համալսարանականների համախմբման յուրահատուկ մոտեցում է: