Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ երեկոյան ՔՊ վարչությունը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանին «կանչել» է նիստին:
ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Հունանյանից նախ պահանջել են բացատրել, թե ինչու է անդադար այնպիսի ելույթներ ունենում, ինչը վարկաբեկում է ՔՊ-ն ու ազդում կուսակցության վարկանիշի վրա:
Վարչության անդամները անդադար հարցեր են տվել նրան, ճնշել, մեջբերել նրա հայտարարություններից, ինչի պատճառով Հունանյանը հայտնվել է շատ տհաճ իրավիճակում: ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ նա այս պահին էլ հոգեպես շատ ծանր վիճակում է գտնվում:
Նիկոլ Փաշինյանի խոսքից Հունանյանը հասկացել է, որ պետք է հրաժարական տա, ավելին, ինքնաբացարկ ներկայացնի 2026 թվականի նախընտրական ցուցակում առաջադրվելու համար:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հռիփսիմե Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած իմ որոշ մտքեր քննադատության արժանացան մեր մի շարք քաղաքացիների կողմից:
Նախ, թույլ տվեք ներողություն խնդրել իմ այն ձևակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են մեր սիրելի քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը»: Ու հայտնել, որ հրաժարվում է ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Սոնա Գրիգորյան




























