ՀՀ Քրեական ոստիկանություն Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են խոշոր չափերի թմրամիջոցների իրացման դեպք։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, 31-ամյա երկու տղամարդ պարբերաբար ձեռք էին բերում և իրացնում տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Հունվարի 31-ին՝ ժամը 20։45-ի սահմաններում, մայրաքաղաքի Սիլիկյան թաղամասում, թմրանյութ իրացնելու պահին, քրեական ոստիկանները ձերբակալել են նրանց։
Տղամարդիկ, ինչպես նաև նրանցից մեկի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք և կնիքվել։
Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ մյուսի մոտ՝ ավելի քան 41 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգված։
Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երկու տղամարդն էլ ձերբակալվել են։
Դատարանի որոշմամբ՝ փետրվարի 1-ին խուզարկություն է իրականացվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան վարած 31-ամյա տղամարդու բնակարանում, որտեղ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգվածով մեկ փաթեթ՝ 2 կիլոգրամ 29 գրամ քաշով։
Բացի այդ, նրա վարած ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է նույնանման զանգվածով ևս երկու փաթեթ՝ ընդհանուր մոտ 415 գրամ քաշով։
31-ամյա տղամարդիկ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են։






























