ՑԻՆԻԶՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին կրկին թարմացվեց մարտի 1-ի թեման: Դրան նպաստեցին նախ` մարտի  1-ի գործով քննչական խմբի  նոր ղեկավարի նշանակումը, ապա  կառավարության կողմից  զոհերի ընտանիքներին դրամական փոխհատուցում տալու` «Ժառանգության»  առաջարկի մերժումը: Երեկ էլ ասուլիս էին հրավիրել քննչական խմբի  նախկին եւ նորանշանակ  ղեկավարները` հանրությանը հերթական  անգամ ասելու, որ ասելիք չունեն:
Ի սկզբանե հենց իշխանության համար քաղաքական մահակ  հանդիսացող այս հարցը Սերժ Սարգսյանի վարչակարգի կողմից եվրոպական կառույցների հետ տարված «արդյունավետ» աշխատանքի արդյունքում վերածվեց  ընդդիմության տրամադրությունները մանիպուլացնելու  գործիքի:  Այդ կիրառությունը մենք տեսանք անցած մայիսին, երբ Սերժ Սարգսյանը հանձնարարեց թարմացնել գործի քննությունը: Հիշեցնենք, որ այդ փուլում ՀԱԿ-ը բավական ուժեղ դիրքերում էր` չնայած ռեժիմի բոլոր ջանքերին, անցկացվող հանրահավաքներն  աննախադեպ մարդաշատ էին, իսկ ՀԱԿ- ի հետեւորդներն էլ` 2008-ից հետո առավել քան երբեւէ` վճռական:   Եվ ահա Սերժ Սարգսյանը  ձեւացրեց, թե կատարում է ՀԱԿ-ի` մարտի 1-ի արդար քննության պահանջը եւ բացեց իր իսկ ձեռամբ փակված  էջը` այդպիսով ոչ միայն ժամանակ, այլեւ համապատասխան դիվիդենտներ շահելով:  Թե ինչ եղավ հետո, գիտենք բոլորս: Աստիճանաբար` ամենշաբաթյա ոչինչ չասող ասուլիսներով,  խնդրի շուրջ հանրային հետաքրքրությունը գրեթե սպառելուց հետո  քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը պարգեւատրվեց «լավ աշխատանքի» համար` նշանակվելով ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով վարչության պետ: Այս փաստն ինքնին արդեն  խոսուն ապացույցն է այն բանի, որ Սերժ Սարգսյանը, գոնե այս փուլում, մարտի 1-ի թեմայից չի վախենում: Հակառակ դեպքում, զգուշանալով հանրային դժգոհությունից, նա թույլ չէր տա մինչ օրս գործը չբացահայտած քննչական խմբի ղեկավարին առավել բարձր պաշտոնի նշանակել:
 Ի դեպ, այս կապակցությամբ Վահագն Հարությունյանը երեկ ասել է. «Բացի թերություններից, պետք է տեսնել նաեւ քննության ձեռքբերումը, հիշել ավանդի մասին, որ քննչական խմբի անդամները ներդրել են գործի բացահայտման մեջ»:   Անհասկանալի է, թե ինչ ձեռքբերման մասին է խոսում Հարությունյանը: Որեւէ  գործի քննության միակ ձեռքբերումը  բացահայտումն է: Մինչդեռ այս դեպքում 10 սպանություններից եւ ոչ մեկի կատարողը բացահայտված չէ: Հետեւաբար, ի՞նչ ձեռքբերման կամ ավանդի մասին է իրեն թույլ տալիս խոսել  քննչական խմբի նախկին ղեկավարը: Սա, մեղմ ասած, ուղղակի ցինիզմ է, որը, վստահաբար, խրախուսվում է Հարությունյանին առավել բարձր պաշտոնի նշանակողի կողմից: Պակաս տարակուսելի չէ նաեւ քննչական խմբի նորանշանակ ղեկավարի` Վաղինակ Ջանազյանի հայտարարությունը, թե առաջիկա օրերին մարտի 1-ի գործի ընթացքի վերաբերյալ զեկույց կհրապարակվի: Պարոնա՛յք քննիչներ, ո՞ւմ է պետք ձեր զեկույցը,   հանրությունը ձեզանից ոչ թե զեկույցներ,  այլ կոնկրետ մարդասպանների անուններն է ակնկալում:




Լրահոս