Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատմական փոփոխություն Հունգարիայում․16 տարի իշխանությունից հետո Վիկտոր Օրբանը պարտվեց ընտրություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունգարիայում կայացած խորհրդարանական ընտրությունները ավարտվել են իշխանափոխությամբ․ երկարամյա վարչապետ Վիկտոր Օրբանը ընդունել է իր պարտությունը՝ ավարտելով 16 տարվա իշխանությունը։

Օրբանը շնորհավորել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մաջյարին՝ ընտրությունների արդյունքը բնութագրելով որպես «ցավոտ, բայց հստակ»։

Նախնական տվյալներով՝ Մաջյարի ղեկավարած «Տիսա» կուսակցությունը ստացել է խորհրդարանի 199 մանդատից շուրջ 138-ը՝ ապահովելով սահմանադրական մեծամասնություն։ Սա հնարավորություն կտա նոր իշխանություններին փոփոխություններ իրականացնել, այդ թվում՝ վերանայել Օրբանի կառավարման տարիներին ընդունված վիճահարույց որոշումները։

Օրբանի «Ֆիդես» կուսակցությունը, որը նախկինում ուներ 135 մանդատ, այժմ կարող է ունենալ ընդամենը մոտ 55։

Եվրոպայի արձագանքը

Եվրոպական առաջնորդները լայնորեն ողջունել են ընտրությունների արդյունքները։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է․ «Հունգարիան ընտրեց Եվրոպան»։

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ընդգծել է, որ «Հունգարիայի տեղը Եվրոպայի սրտում է»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ սա հաղթանակ է, որը ցույց է տալիս հունգար ժողովրդի հավատարմությունը եվրոպական արժեքներին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նույնպես շնորհավորել են Մաջյարին՝ ընդգծելով միասնական Եվրոպայի կարևորությունը։

ԱՄՆ արձագանքը

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ընտրությունների արդյունքը գնահատել է որպես «ժողովրդավարության հաղթանակ ամբողջ աշխարհում»՝ ընդգծելով հունգարացիների հաստատակամությունն ու օրենքի գերակայության կարևորությունը։

Միևնույն ժամանակ, այս արդյունքը դիտվում է որպես հարված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար, ով նախընտրական շրջանում աջակցել էր Վիկտոր Օրբանին։

Քարոզարշավ և հիմնական խոստումներ

Պետեր Մաջյարը իր քարոզարշավում կենտրոնացել էր կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսության զարգացման և առողջապահական համակարգի բարելավման վրա։ Նա խոստացել է վերականգնել Հունգարիայի հարաբերությունները Եվրոպական միության հետ և ամրապնդել կապերը ՆԱՏՕ-ի հետ։

Մաջյարը հայտարարել է, որ իր առաջին այցը վարչապետ դառնալուց հետո կլինի Լեհաստան, այնուհետև՝ Վիեննա և Բրյուսել։

Տոնական մթնոլորտ Բուդապեշտում

Ընտրությունների գիշերը Բուդապեշտում տոնական էր․ հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Դանուբի ափին՝ նշելու իշխանափոխությունը։ Շատ երիտասարդների համար սա անսովոր պահ էր, քանի որ նրանք մեծացել էին Օրբանի իշխանության տարիներին։

Մաջյարը դիմելով իր կողմնակիցներին՝ հայտարարել է․ «Մենք միասին ազատագրեցինք Հունգարիան»։

Նրա հաղթանակը շատերի կողմից դիտվում է որպես նոր էջ երկրի պատմության մեջ և շրջադարձ դեպի ավելի եվրոպամետ քաղաքականություն։

Անի Վարդանյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս