«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 69-րդ համար Սյուզաննա Սայադյանը՝ ընդամենը 25 տարեկանում, արդեն հասցրել է տեղ զբաղեցնել տեղական ինքնակառավարման մարմնում և աչքի ընկնել կուսակցական ակտիվությամբ։
Նա ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 15-ին և դեռ 21 տարեկանում՝ 2021 թվականի դեկտեմբերի 12-ին, դարձել է Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու անդամ։

Թեև քաղաքական կարիերան բավականին արագ է զարգացել, նույնը դժվար է ասել նրա գույքային վիճակի մասին։ Բաց աղբյուրներում աշխատանքի այլ փորձի վերաբերյալ տվյալներ չկան, իսկ ֆինանսական պատկերն առավել քան համեստ է։
2024 թվական
Վերջին հայտարարագրի համաձայն՝ Սայադյանը անշարժ գույք չունի։ Նրա միակ տրանսպորտային միջոցը 2003 թվականի արտադրության NISSAN մակնիշի ավտոմեքենան է, որը ձեռք է բերել դեռ 2021-ին՝ նվիրատվությամբ։
Կանխիկ միջոցները կազմել են 400,000 դրամ։
Տարվա եկամուտը՝ 3,444,221 դրամ, ամբողջությամբ ձևավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ստացված աշխատավարձից։
2023 թվական
Պատկերը գրեթե չի փոխվել․ անշարժ գույք չկա, նույն մեքենան պահպանվում է։ Սակայն այստեղ արդեն ի հայտ է գալիս 2,500,000 դրամի փոխառություն՝ առանց հստակ պարզաբանման՝ տրամադրված, թե ստացված։
Կանխիկ միջոցները նվազել են մինչև 150,000 դրամ։
Տարվա եկամուտը կազմել է 3,695,121 դրամ։
Միաժամանակ արձանագրվել է նույն չափի՝ 2,500,000 դրամի միանվագ ծախս։
2022 թվական
Այստեղ արդեն հիշատակվում է ավտոմեքենան՝ որպես թանկարժեք գույք, որի արժեքը գնահատվել է մոտ 3000 ԱՄՆ դոլար։
Տարվա եկամուտը՝ ընդամենը 702,975 դրամ, կրկին կուսակցությունից։
2021 թվական
Քաղաքական ուղու մեկնարկային տարին։
Գույքը սահմանափակվում է նույն մեքենայով, իսկ եկամուտը՝ ընդամենը 110,000 դրամ ՔՊ-ից։
Չնայած համեստ նյութական հնարավորություններին՝ Սայադյանը ակտիվորեն ներգրավված է կուսակցական կյանքում, հատկապես սոցիալական հարթակներում։ Նրա ակտիվությունն առավել նկատելի է դարձել նախընտրական շրջանում, որտեղ նա հանդես է գալիս որպես կուսակցության երիտասարդ դեմքերից մեկը։ Սայադյանը ներկա էր նաև ՔՊ վարչության անդամ Ալխաս Ղազարյանի ծննդյան արարողությանը, որտեղ ՆԳ նախարարն ու ՀՀ արդարադատության նախարան էին մասնակցում:
Սակայն հարցը մնում է բաց․ արդյո՞ք այս արագ քաղաքական առաջխաղացումը ուղեկցվում է բավարար փորձով և թափանցիկությամբ, թե՞ գործ ունենք հերթական կուսակցական կադրի հետ, որի հանրային ակտիվությունը գերազանցում է իրական կենսագրական և մասնագիտական կշիռը:

Սոնա Գրիգորյան





























