ArmLur.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել պաշտոնյաների անցած ուղին և ունեցվածքը՝ նպատակ ունենալով ապահովել նրանց գույքի ու եկամուտների թափանցիկությունը։ Այս անգամ ուսումնասիրել ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նորանշանակ տեղակալ Աննա Բաբաջանյանի կենսագրությունն ու պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացրած հայտարարագիրը։
Աննա Բաբաջանյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է 2026 թվականի սեպտեմբերի 2-ին։ Հատկանշական է, որ 2025 թվականի հայտարարագրում նրա ընտանիքի անդամներից մեկը նշված է որպես փոխվարչապետի օգնական։Եվ այդ ժամանակ նա ներկայացրել էր հայտարարագիր, որպես պաշտոնատար անձի ընտանիքի անդամ։
Ո՞վ է Աննա Բաբաջանյանը
Աննա Կարենի Բաբաջանյանը ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Երևանում։
Նրա աշխատանքային գործունեությունը սկսվել է կրթական ոլորտում։ 2015-2017 թվականներին աշխատել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում՝ որպես անգլերենի ուսուցիչ, իսկ 2016-2017 թվականներին դասավանդել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Բաց կրթություն» Դիլիջանի մասնաճյուղում։
2018-2019 թվականներին ներգրավված է եղել հետազոտությունների միջազգայնացմանը նպաստող C3QA Erasmus+ ծրագրի աշխատանքային խմբում, ինչպես նաև աշխատել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի օգնական։ 2019-2020 թվականներին եղել է Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի անդամ։
2019-2022 թվականներին մասնակցել է հանրակրթության պետական նոր չափորոշչի մշակման աշխատանքներին՝ որպես համակարգող փորձագետ։ 2020 թվականին աշխատել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST)՝ որպես ռազմավարական վերլուծաբան, իսկ 2021-2022 թվականներին համակարգել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Բաց կրթություն» բաժնի՝ HSBC Հայաստանի «Quality Professionals for Quality Jobs» ծրագիրը։
2022-2026 թվականներին ղեկավարել է Երևանի պետական համալսարանի Ռազմավարական պլանավորման կենտրոնը, իսկ 2023-2026 թվականներին եղել է «KPI4HE» Erasmus+ ծրագրի աշխատանքային խմբի անդամ։
Ի՞նչ ունեցվածք ունի նա
Աննա Բաբաջանյանի՝ 2026 թվականին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նրա սեփականությունն է բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող բնակարան։ Այն ձեռք է բերվել 2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ համատեղ սեփականության իրավունքով։ Նա ունի նաև 2023 թվականի արտադրության HONDA մակնիշի մարդատար ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2024 թվականի հունվարի 19-ին՝ գնման եղանակով։
Դրամական միջոցներ
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Բաբաջանյանի բանկային հաշիվներում եղել է 308 հազար 97.1 դրամ և 415 հազար 131.67 դրամ։
Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 3 միլիոն 500 հազար դրամ և 3 հազար 250 ԱՄՆ դոլար։
Եկամուտ
Հայտարարագրում նշված հաշվետու ժամանակաշրջանում Երևանի պետական համալսարանից աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով Աննա Բաբաջանյանը ստացել է 7 միլիոն 310 հազար 310 դրամ։ Նույն համալսարանից քաղաքացիաիրավական այլ պայմանագրերով նրա եկամուտը կազմել է 180 հազար դրամ։
Բացի այդ, ՀՀ ֆինանսների նախարարությունից եկամտային հարկի վերադարձի տեսքով ստացել է 648 հազար 414 դրամ։
Այսպիսով, հայտարարագրված ընդհանուր եկամուտը կազմել է 7 միլիոն 828 հազար 724 դրամ։
Վարկային պարտավորություններ
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 20 միլիոն 273 հազար 489.59 դրամ։
Հայտարարագրում նշված են երեք պարտավորություններ՝ 576 հազար 449.09 դրամ, 2 միլիոն 792 հազար 410.7 դրամ և 16 միլիոն 904 հազար 629.8 դրամ մնացորդներով։ Վերջին վարկի նպատակային նշանակությունը նշված է որպես անշարժ գույք։
Բաժնեմաս բիզնեսում
Աննա Բաբաջանյանը 2025 թվականի սեպտեմբերի 25-ից «ԱՆՆԻՍՈՆ» ընկերության 50 տոկոսի բաժնեմասի սեփականատեր է։
Այսպիսով, ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը հայտարարագրել է բնակարան, HONDA մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշիվներում առկա գումարներ, կանխիկ դրամական միջոցներ և ընկերության 50 տոկոս բաժնեմաս։ Նրա վարկային պարտավորությունների ընդհանուր մնացորդը կազմել է 20 միլիոն 273 հազար 489.59 դրամ։«Ժողովուրդ» օրաթերթը նաև արձանագրում է, որ 2025 թվականի հայտարարագրում որպես Աննա Բաբաջանյանի ընտանիքի անդամ նշված է փոխվարչապետի օգնականը։
Սոնա Գրիգորյան



























