Հորմուզի նեղուցում իրավիճակը կրկին սրվել է այն բանից հետո, երբ Իրանն իրականացրել է հարձակումներ երեք նավերի ուղղությամբ՝ փակման վտանգի տակ դնելով համաշխարհային նավթային հիմնական ուղիներից մեկը։ Այդ նեղուցով անցնում է աշխարհի նավթի մոտ մեկ հինգերորդը, և դրա խափանումը արդեն հանգեցրել է էներգետիկ ճգնաժամի խորացման։
Տեղեկությունների համաձայն՝ Իրանի կողմից վերահսկվող ուժերը հայտարարել են, որ հարվածել են երեք դուրս եկող նավերի և գրավել երկուսը՝ դա ներկայացնելով որպես պատասխան ԱՄՆ-ի կողմից իրանական նավերի նկատմամբ իրականացվող գործողություններին և նավահանգիստների արգելափակմանը։ Թեհրանը նաև պնդում է, որ ԱՄՆ-ն բռնագրավել է իրանական մի նավ, որը չի կանգնել , երբ հնչել է կանգնելու մասին պահանջ։
Վերջին շաբաթներին նավարկությունը նեղուցում գրեթե կանգ էր առել, քանի որ հարձակումների վտանգը բարձր էր։ Մի շարք նավեր ստիպված էին անցնել միայն Իրանի կողմից վերահսկվող նեղ ուղիներով՝ ներկայացնելով բեռների և անձնակազմի տվյալները, իսկ որոշ դեպքերում նույնիսկ վճարելով հավելյալ տուրքեր։
Իրանի պաշտոնական դիրքորոշումը օրերի ընթացքում հակասական է եղել․ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում էր, որ նեղուցը բաց է, մինչդեռ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հակառակ պնդումներ էր անում՝ նշելով փակման կամ վերահսկման մասին։
ԱՄՆ-ն իր հերթին շարունակում է ծովային վերահսկողությունը տարածաշրջանում՝ հայտարարելով, որ որոշ նավեր հետ են շրջվել կամ բռնագրավվել, սակայն միաժամանակ որոշ բեռնափոխադրումներ, հատկապես հումանիտար, թույլատրվում են անցնել։
Մասնագետների գնահատմամբ՝ իրավիճակը դեռ անկայուն է, իսկ նավագնացության ոլորտը զգուշավորությամբ վերադառնում է նորմալ ռեժիմին։ Նույնիսկ հնարավոր հրադադարի դեպքում ապահովության վերականգնումը կարող է տևել շաբաթներ, քանի որ ապահովագրական և լոգիստիկ համակարգերը դեռ չեն պատրաստվում լիարժեք վերադարձի։
Վերլուծաբանները նշում են, որ Հորմուզի նեղուցը մնում է գլոբալ էներգետիկ շուկայի ամենախոցելի կետերից մեկը, որտեղ ցանկացած նոր սրում կարող է կրկին ցնցել նավթի համաշխարհային գները։
Անի Վարդանյան





























