ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում ակտիվ մարզային այցեր է իրականացնում՝ ներկայացնելով դպրոցների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների կառուցման ու վերանորոգման աշխատանքները։ Պաշտոնական հաղորդագրություններում դրանք ներկայացվում են որպես կատարված աշխատանքներին ծանոթանալու այցեր, սակայն քաղաքական գործընթացներին հետևողները դրանք դիտարկում են նաև նախընտրական ակտիվության համատեքստում։
ArmLur.am-ի դիտարկմամբ՝ Փաշինյանի մարզային օրակարգում այս փուլում նկատելիորեն ընդգծված են հանրային շփումները, բնակավայրեր այցելությունները, կատարված ծրագրերի ներկայացումը, ինչպես նաև տեղերում քաղաքացիների հետ հանդիպումները։ Կարճ ասած՝ նախընտրական քարոզարշավ։
Ուշագրավ է նաև, որ վերջին շաբաթներին փոխվել է Փաշինյանի հրապարակային օրակարգի մեկ այլ բաղադրիչ։ Եթե շաբաթներ առաջ նա գրեթե ամեն կիրակի մասնակցում էր պատարագների, հաղորդություն ստանում և եկեղեցական արարողությունների ֆոնին բարձրաձայնում իր պահանջները, այդ թվում՝ պատարագների ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը չհնչեցնելու վերաբերյալ, ապա այժմ այդ ակտիվությունը կարծես հետին պլան է մղվել։
Այս շաբաթ վարչապետը Տավուշի մարզում էր, որտեղ այցելել է մի շարք բնակավայրեր և ծանոթացել իրականացված աշխատանքներին, սակայն, ArmLur.am-ի դիտարկմամբ, որևէ եկեղեցում պատարագի չի մասնակցել։ Սա հատկապես ուշագրավ է այն ֆոնին, որ ավելի վաղ կիրակնօրյա պատարագներին մասնակցությունը դարձել էր Փաշինյանի հրապարակային օրակարգի պարբերական մաս։
Ստացվում է՝ եկեղեցական օրակարգը, որը որոշ ժամանակ առաջ վարչապետի քաղաքական հռետորաբանության կարևոր բաղադրիչներից էր, այժմ կարծես զիջել է տեղը մարզային այցելություններին և ենթակառուցվածքային ծրագրերի ներկայացմանը։





























