Վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կազմակերպվող քարոզչական այցերի ընթացքում հանրության ուշադրությունը գրավել է մի երիտասարդ, որը գրեթե մշտապես հայտնվում է կադրերում՝ վարչապետին թխվածքաբլիթներ փոխանցելիս կամ նրա կողքին ակտիվ մասնակցություն ցուցաբերելիս։
ArmLur.am-ը փորձել հասկանալ՝ ո՞վ է այդ երիտասարդը, որը կարծես արդեն դարձել է իշխանական քարոզչության անբաժան ուղեկիցը։ Պարզվում է՝ նա Լեոնարդ Պողոսյանն է՝ 25-ամյա լեզվաբան, ով ավարտել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը, այնուհետև ուսումը շարունակել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ «Ազգային անվտանգություն» մագիստրոսական ծրագրով։ Վերջերս ավարտել է նաև մագիստրատուրան։
Սակայն երիտասարդի ակտիվությունը միայն կրթությամբ չի սահմանափակվում։ Պողոսյանը դասավանդում է անգլերեն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կրթահամալիրում, իսկ 2025 թվականին հայտնել է, որ նախարար Արփինե Սարգսյանի համաձայնությամբ նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի միջազգային համագործակցության և հանրային կապերի բաժնում։ Այս նշանակումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես են քաղաքական հավատարմությունն ու կուսակցական ակտիվությունը ճանապարհ բացում պետական համակարգում առաջխաղացման համար։
Հավակնոտ երիտասարդն իր ֆեյսբուքյան էջում իրեն ներկայացնում է որպես քաղաքական գործիչ, իսկ հրապարակումները փաստում են, որ նա խորապես ներգրավված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական թևի աշխատանքներում։ Դեռևս 2023 թվականին նա հայտարարել էր, որ ընտրվել է կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի անդամ՝ այդ փաստը որակելով որպես «մեծ պատիվ և պատասխանատվություն»։
Պողոսյանը հատկապես աչքի է ընկնում իշխանական վերնախավի նկատմամբ իր ընդգծված նվիրվածությամբ։ Նա հրապարակավ աջակցել է Աննա Հակոբյանի նախաձեռնություններին՝ առաջարկելով 2025 թվականը հայտարարել «կրթության տարի»։ Սոցիալական ցանցերում Աննա Հակոբյանին բնութագրել է որպես «հայ կնոջ կերպար», իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը հաճախ վերածել է սեփական քաղաքական ուղենիշի։
Նրա էջում հաճախ են հանդիպում հայրենասիրական ու քաղաքական պաթոսով լեցուն գրառումներ, վարչապետի խոսքերի մեջբերումներ և իշխանության հանդեպ անվերապահ հավատ արտահայտող ձևակերպումներ։ Դրանցից մեկը մասնավորապես այսպիսին է․
«Փոթորկված օվկիանոսում հայտնված մեր նավը՝ Հայաստանի Հանրապետությունը, հասցնելու ենք խաղաղ նավահանգիստ», — գրել է նա՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանին։
Այս ամենը վկայում է, որ վարչապետի կողքին թխվածքաբլիթ փոխանցող երիտասարդը պարզապես ակտիվիստ չէ։
Նա նոր սերնդի այն կուսակցական կադրերից է, որոնք ոչ միայն ցուցադրաբար հավատարիմ են իշխանությանը, այլև ակնհայտորեն պատրաստվում են իրենց տեղն ամրապնդել պետական ու քաղաքական համակարգում՝ իշխանության հովանու ներքո։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․























