Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում նախագահական նստավայրում հյուրընկալել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։
Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, որի շրջանակում հնչել են ԵՄ և ՀՀ օրհներգները, կայացել է զինվորական քայլերթ։


Հաջորդիվ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցն Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։
Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը։
Ողջունելով Եվրամիության պատվիրակությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ Երևանում՝ Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում։ Այսօր մենք ևս մեր քայլով որակապես նոր մակարդակի ենք բարձրացնում Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները, և պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական Միությունն անցկացնում են երկկողմ գագաթնաժողով»։

Վարչապետի խոսքով՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններում արդեն իսկ ձևավորվել է այնպիսի ծանրակշիռ օրակարգ, որն առաջիկայում անհրաժեշտ է լինելու քննարկել հենց գագաթաժողովների մակարդակում՝ ունենալով նաև բավականին մանրամասն և ծավալուն աշխատանք, ինչը և մինչև հիմա արվել է։ «Մենք, իհարկե, նեղ կազմով արդեն առիթ ունեցանք քննարկելու հարցերի բավական լայն շրջանակ և ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ մենք ունենք ընդհանրական դիրքորոշումներ և ձևավորված ըմբռնում։ Սա նշանակում է, որ պատշաճ մթնոլորտ է առկա, որպեսզի մենք կենտրոնանանք օրակարգի իրականացման, իրագործման վրա», –ասել է վարչապետը։





























