Շվեդիայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստվում է ստեղծել նոր հետախուզական ծառայություն՝ ուղղված արտաքին սպառնալիքների բացահայտմանը, ինչը պայմանավորված է Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով անվտանգության միջավայրի վերագնահատմամբ։
Երկրի արտգործնախարար Մարիա Մալմեր Ստեներագարդը հայտարարել է, որ նոր կառույցը կկրի «Շվեդիայի արտաքին հետախուզական ծառայություն» (UND) անվանումը և կսկսի գործել 2027 թվականի հունվարից։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի պայմաններում առավել ակնհայտ է դարձել, որ տեղեկատվական առավելությունն ու տեխնոլոգիական համակարգերին արագ հարմարվելու կարողությունը նույնքան կարևոր են, որքան ժամանակակից սպառազինությունը։ Ստեներագարդը նշել է, որ նոր ծառայությունը գործառույթներով համադրելի կլինի Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզական ծառայության՝ MI6ի հետ։
Ներկայում Շվեդիան արդեն ունի ռազմական հետախուզական ծառայություն՝ MUST-ը, որը զբաղվում է արտաքին սպառնալիքներով, ինչպես նաև ոչ ռազմական անվտանգության ծառայություն՝ SAPO-ն, որը կենտրոնացած է ներքին վտանգների վրա։ Նոր ստեղծվող կառույցը կստանձնի MUST-ի որոշ գործառույթներ և սերտորեն կհամագործակցի երկրի զինված ուժերի, SAPO-ի և ազդանշանային հետախուզությամբ զբաղվող FRA կառույցի հետ։
Շվեդիան 2022 թվականին հրաժարվեց շուրջ երկու դար պահպանված ռազմական չեզոքությունից և դիմեց ՆԱՏՕ-ին անդամակցելու համար՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի լայնամասշտաբ ներխուժումից հետո։ 2024 թվականին երկիրը պաշտոնապես դարձավ դաշինքի անդամ, ինչի արդյունքում, ինչպես նշել է արտգործնախարարը, առաջացել են «նոր ակնկալիքներ» անվտանգության ոլորտում։
Նոր հետախուզական ծառայության հիմնական առաքելությունը կլինի Շվեդիայի դեմ ուղղված արտաքին սպառնալիքների բացահայտումը՝ տեղեկատվության հավաքագրման, մշակման և վերլուծության միջոցով։
Կառավարությունն արդեն համապատասխան օրինագիծը ներկայացրել է օրենսդրական խորհրդին, և նախատեսվում է այն հունիսին ներկայացնել խորհրդարան։
Անի Վարդանյան

























































































