Ռուսաստանը կարող է միակողմանիորեն կասեցնել կամ ամբողջությամբ չեղարկել Հայաստանի հետ 2013 թվականին ստորագրված համաձայնագիրը, որով Հայաստանին արտոնյալ պայմաններով մատակարարվում են բնական գազ, նավթամթերք և չմշակված ադամանդներ։ Այդ մասին, ըստ «Коммерсантъ»-ի, նշված է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի՝ մայիսի 25-ին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ուղարկված նամակում։
Ռուսական կողմը պնդում է, որ Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը և ԵՄ անդամակցության ձգտումը վտանգում են ռուս-հայկական տնտեսական և ներդրումային համագործակցության հիմքերը։ Նամակում նշվում է, որ Երևանի քայլերը «չեն համապատասխանում տասնամյակներով ձևավորված փոխշահավետ գործընկերության բնույթին»։
ՌԴ էներգետիկայի նախարարությունը, ինչպես նաև Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, հրապարակային մեկնաբանություն չեն տվել։ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ևս չի պատասխանել «Коммерсантъ»-ի հարցմանը։
2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանը անժամկետ վերացրել էր Հայաստանին մատակարարվող գազի, նավթամթերքի և ադամանդների արտահանման մաքսատուրքերը։ Դա դիտարկվում էր որպես Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության ճանապարհի կարևոր փուլ։ Համաձայնագրով Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է ներքին սպառման համար նախատեսված գազ և վառելիք՝ արգելելով դրանց վերաարտահանումը երրորդ երկրներ։
Փաստաթղթում նաև ամրագրված է, որ եթե համաձայնագիրը դադարեցվի կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ, ապա Հայաստանի պարտավորությունները Ռուսաստանի հանդեպ շարունակելու են գործել մինչև ամբողջական մարում՝ ներառյալ հնարավոր փոխհատուցումները կամ դրանք որպես պետական պարտք ճանաչելը։
Գազային կախվածություն
Հայաստանը գրեթե ամբողջությամբ կախված է ռուսական գազից։ 2025 թվականին «Գազպրոմը» Հայաստան է մատակարարել մոտ 2,7 միլիարդ խորանարդ մետր գազ։ Բացի այդ, ևս շուրջ 476 միլիոն խորանարդ մետր գազ Հայաստան է գալիս Իրանից՝ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում։ Այդ սխեմայով Հայաստանը Իրանին մատակարարում է էլեկտրաէներգիա, իսկ Իրանը՝ բնական գազ՝ 1 խորանարդ մետր գազի դիմաց 3 կՎտ/ժ հարաբերակցությամբ։
Ռուսական գազի երկարաժամկետ պայմանագիրը կնքված է «Գազպրոմ Արմենիա»-ի հետ՝ մինչև 2,5 միլիարդ խորանարդ մետր ծավալով։ 2019 թվականի վերջում ստորագրված լրացուցիչ համաձայնագրով ռուսական գազի գինը Հայաստանի համար սահմանվել էր 1000 խորանարդ մետրի դիմաց 165 դոլար։ 2022 թվականին կողմերը պայմանավորվել էին այդ գինը պահպանել ևս 10 տարի։ Սակայն այժմ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով, գազի գինը կազմում է արդեն 177 դոլար։
Միաժամանակ «Գազպրոմը» հայտարարել էր, որ 2026–2030 թվականներին նախատեսում է շուրջ 400 միլիոն դոլար ներդնել Հայաստանի գազատրանսպորտային համակարգի և ստորգետնյա գազապահեստարանների զարգացման մեջ։
Մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գազի գնի հարցում հայկական և ռուսական կողմերը հասել են «հստակ ռազմավարական պայմանավորվածությունների», որոնք պետք է պահպանվեն։ Սակայն մայիսի 25-ին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը զգուշացրել էր, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա ռուսական գազի արտոնյալ գինը կդառնա շուկայական։
Պեսկովը նշել էր, որ նման արտոնյալ ռեժիմը հնարավոր չէ այն երկրների համար, որոնք գտնվում են այլ ինտեգրացիոն միավորումներում, մասնավորապես՝ Եվրամիությունում։ Նրա խոսքով՝ եվրոպական շուկայում գազի գները բոլորովին այլ մակարդակի վրա են։ Մայիսի 26-ին Նիդեռլանդների TTF հաբում գազի սպոտ գինը կազմել է մոտ 584 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։
Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի փորձագետ Վիտալի Երմակովը նշում է, որ ֆիզիկապես Հայաստանը կարող է լրացուցիչ գազ ստանալ Հյուսիսային Իրանից, սակայն այդ տարածաշրջաններում ձմռանը կա գազի պակաս, իսկ Իրան–Հայաստան գազատարի հզորությունները սահմանափակ են։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանից գազի մատակարարումները ևս իրատեսական չեն, քանի որ Բաքուն չունի ոչ ազատ ծավալներ, ոչ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանը ռուսական համեմատաբար էժան գազը ստանում է ԵԱՏՄ միասնական տնտեսական տարածքի շրջանակում, և այդ արտոնությունը փաստացի սուբսիդիա է։ Եթե Հայաստանը դուրս գա այդ համակարգից, ապա ռուսական գազը կվաճառվի արդեն շուկայական գներով։
Վառելիքի այլընտրանքները
Հայաստանը տարեկան Ռուսաստանից առանց մաքսատուրքի ներմուծում է մոտ 900 հազարից մինչև 1 միլիոն տոննա նավթամթերք։ 2025 թվականին, նախնական տվյալներով, ներմուծվել է շուրջ 890 հազար տոննա՝ ներառյալ հեղուկ գազը, բիտումը և այլ ապրանքներ։
Փորձագետ Դավիթ Մարտիրոսյանի գնահատմամբ՝ 2014–2024 թվականներին Ռուսաստանը մշտապես ապահովել է Հայաստանի նավթամթերքի ներմուծման առնվազն 62 տոկոսը։
Միևնույն ժամանակ վերջին տարիներին Հայաստանը սկսել է դիվերսիֆիկացնել ներմուծումները։ Օրինակ՝ 2025 թվականին Հայաստան է ներկրվել շուրջ 120,7 հազար տոննա ԱԻ-92 բենզին, որից Ռուսաստանից՝ միայն 50,6 հազար տոննա։ Մնացածը մատակարարվել է Ռումինիայից, Եգիպտոսից և այլ երկրներից։
ԱԻ-95 բենզինի ներմուծումը կազմել է 74,7 հազար տոննա, սակայն Ռուսաստանից ներկրվել է ընդամենը 6 հազար տոննա։ Խոշոր մատակարարներ են դարձել Ռումինիան, Եգիպտոսը և Բուլղարիան։
Բացի այդ, Հայաստանը սկսել է վառելիք ստանալ նաև Ադրբեջանից։ 2025 թվականի դեկտեմբերից Բաքուն սկսել է բենզինի և դիզվառելիքի մատակարարումներ Հայաստան։ Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ խաղաղության գործընթացի շրջանակում Ադրբեջանը վերացրել է Հայաստանի նկատմամբ դեռ 1990-ականներից գործող տրանզիտային սահմանափակումները։ Մայիսի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ընդհանուր մատակարարումները հասել են 12 հազար տոննայի։
Այնուամենայնիվ, վերլուծաբանները կարծում են, որ ռուսական վառելիքի այլընտրանքները լինելու են ավելի թանկ, իսկ դրանց լոգիստիկան՝ ավելի բարդ։
Հայաստանը կարող է բարդությունների առաջ կանգնել հատկապես Հորմուզի նեղուցի փակման ֆոնին ձևավորված դեֆիցիտային շուկայում։ Սակայն միջնաժամկետ հեռանկարում մատակարարումների շոկը կարող է այդքան մեծ չլինել, քանի որ ներկրման կառուցվածքն արդեն մասամբ դիվերսիֆիկացվել է։
«Ադամանդային պատերազմը»
Ադամանդները 2016 թվականին դուրս էին բերվել 2013 թվականի համաձայնագրի կարգավորման շրջանակից՝ ԵԱՏՄ պայմանագրին Հայաստանի միանալուց հետո։ Սակայն այսօր էլ Հայաստան ներմուծվող քարերի գրեթե 50 տոկոսը ռուսական ծագում ունի։
Հայաստանում գործում է ադամանդների մշակման ոլորտ, սակայն դրա ծավալները փոքր են՝ տարեկան մոտ 200 հազար կարատ։ Սեփական հանքարդյունաբերություն Հայաստանը չունի, և հիմնականում զբաղվում է ադամանդների ու բրիլիանտների վերաարտահանմամբ, այդ թվում՝ ռուսական ծագման։
Ռուսաստանի և Հայաստանի միջև երկար տարիներ տարաձայնություններ կան ադամանդագործության ոլորտի կարգավորման հարցում։ «Ոսկերիչների գիլդիայի» գործադիր տնօրեն Վլադիմիր Զբոյկովի խոսքով՝ Ռուսաստանը փորձել է ԵԱՏՄ-ում վերացնել բրիլիանտների ներմուծման մաքսատուրքերը, սակայն Հայաստանը արգելափակել է այդ նախաձեռնությունը։
Բացի այդ, մարտի 1-ից Ռուսաստանը պարտադիր սերտիֆիկացում է սահմանել թանկարժեք քարերի համար պետական լաբորատորիաներում՝ փորձելով սահմանափակել ապրանքների ներմուծումը Հայաստանի տարածքով։
Հավելենք, որ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից փոխանցել են, որ որևէ նամակ, գրություն նշվածի վերաբերյալ չեն ստացել։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի
Նկարը ստեղծվել է արհեստական բանականության կողմից։





























