Նոյեմբերյանի գեղարվեստի դպրոցը մատաղ սերնդի գեղագիտական կրթության, դաստիարակության գործում հաջողություններ ունի: Կրթօջախի սաներից ոմանք հետագայում նկարիչներ եւ քանդակագործներ են դարձել, նրանցից մի քանիսն ուսումն ավարտելուց հետո հիմա դասավանդում են հարազատ դպրոցում: Սակայն արվեստի այս կրթօջախում ուսուցման համար պայմաններն անբավարար են: Նոյեմբերյան համայնքի ավագանու նիստում գեղարվեստի դպրոցի տնօրեն Լենա Մեհրաբյանն ասաց, որ իր ղեկավարած կրթօջախն ունի ընդամենը 4 սենյակ, որից մեկն իրենք կիսել են` մի մասը որպես ուուցչանոց, մյուս մասը` տնտեսական մաս դարձնելով: Գեղարվեստի դպրոցը ցուցասրահ չունի, լուսավորությունը թույլ է, չեն բավականացնում գրասեղանները, նկարելու թղթի համար գումար չունեն: Արվեստի կրթօջախի պատուհանները մաշված են, հնարավոր չէ դրանք բացել եւ օդափոխություն կատարել: Բացի այդ, դպրոցը զուրկ է զուգարանից: Սակայն Նոյեմբերյանի համայնքի սուղ բյուջեն բավարարում է միայն քաղաքապետարանի եւ դրա ենթակայության հիմնարկների 145 աշխատողների վճարը տալուն, նաեւ ջեռուցման, կոմունալ ծախսերը հոգալուն: Այլ ծախսերի համար, ցավոք, առայժմ գումարներ չկան:
Տավուշ