Թեև գործող խորհրդարանի լիազորությունների ավարտին դեռ ժամանակ կա, իշխանական կուլիսներում արդեն ակտիվ քննարկվում է հետընտրական իշխանության կազմավորման հարցը։ Armlur.am-ի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ նոր խորհրդարանը կարող է իր առաջին նիստը գումարել արդեն սեպտեմբերի 7-ին, իսկ օրակարգի գլխավոր հարցը լինելու է ՀՀ վարչապետի ընտրությունը։ Իշխող ՔՊ ուժը կառաջադրի ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, նրան կընտրեն վարչապետ:
Դրանից, անմիջապես հետո կսկսվի նոր կառավարության ձևավորման գործընթացը, սակայն ամենամեծ ինտրիգը հենց այստեղ է՝ ովքե՞ր կպահպանեն իրենց պաշտոնները, և ովքե՞ր կհայտնվեն քաղաքական «փոխարինման ցուցակում»։
Իշխանական շրջանակներից ArmLur.am-ին փոխանցում են, որ կառավարության ներսում դեռ վերջնական որոշումներ չկան, սակայն կան պաշտոնյաներ, որոնց դիրքերը բավական ամուր են։ Խոսքը մասնավորապես, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մասին է։ Ըստ նույն աղբյուրների՝ Փաշինյանը գոհ է նրանց աշխատանքից, և նրանք, ամենայն հավանականությամբ, կշարունակեն պաշտոնավարել նաև նոր կառավարության կազմում։
Սակայն իրավիճակը միանշանակ չէ։
Իշխանության ներսում հասկանում են, որ հանրության համար նույն կազմով կառավարության վերարտադրությունը կարող է ընկալվել որպես քաղաքական անշարժություն։ Հենց այդ պատճառով, ըստ տեղեկությունների, Փաշինյանը թիմակիցների հետ քննարկումներում ակնարկել է, որ որոշ փոփոխություններ անհրաժեշտ են՝ հանրային ընկալման տեսանկյունից։
Այստեղ, սակայն, առաջանում է կարևոր հարց․ խոսքը բովանդակային փոփոխությունների՞ մասին է, թե պարզապես կադրային վերադասավորումների։ Եթե կառավարության առանցքային ուղղություններն ու պատասխանատուները հիմնականում պահպանվեն, ապա դժվար է խոսել նոր քաղաքական էջի բացման մասին։ Այդ դեպքում փոփոխությունները կարող են ավելի շատ ծառայել արտաքին տպավորություն ստեղծելուն, քան իրական վերափոխումներին։
Մինչ իշխանական թիմում քննարկումներն ընթանում են` վերջնական որոշումները կայացնելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Եվ հենց այդ հանգամանքն է, որ իշխանական համակարգում ստեղծում է սպասման ու անորոշության մթնոլորտ։ Ովքեր կպահպանեն իրենց պաշտոնները, ովքեր կհեռանան, և ովքեր անսպասելիորեն կհայտնվեն նոր կառավարության կազմում՝ այս հարցերի պատասխանները, ըստ ամենայնի, հայտնի կդառնան միայն այն ժամանակ, երբ Փաշինյանը կատարի իր վերջին ընտրությունը։
Մինչ այդ իշխանական ճամբարում բոլորը սպասում են մեկ մարդու որոշմանը, իսկ քաղաքական դաշտում արդեն խոսում են հնարավոր անակնկալների մասին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ նոր կառավարության վերջնական պատկերի վրա։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























