ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին Թուրքիային ավելի քան 700 միլիոն դոլար արժողությամբ տասնյակ ռեակտիվ շարժիչներ վաճառելու իր մտադրության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Կոնգրեսին ուղղված համապատասխան ծանուցումը։
«ԱՄՆ կառավարությունը պատրաստ է լիցենզավորել այս ապրանքների արտահանումը՝ հաշվի առնելով քաղաքական, ռազմական, տնտեսական, մարդու իրավունքների և զենքի վերահսկողության նկատառումները», – նշվել է Պետքարտուղարության կողմից Կոնգրեսին ուղղված ծանուցման մեջ։
Կոնգրեսն ունի 15 օր, որպեսզի համատեղ բանաձևով մերժի վաճառքը, եթե ցանկանում է արգելափակել այն։ Նման բանաձևը պետք է ընդունվի երկու պալատներում, և Թրամփը կարող է վետո դնել դրա վրա։
Ըստ Reuters-ի՝ շարժիչների մատակարարումը «կարևոր ժեստ կլինի Անկարայի համար՝ հուլիսի սկզբին այնտեղ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ»։
Ինչպես նշում է գործակալությունը, խոսքը General Electric շարժիչների մասին է՝ նախատեսված Թուրքիայի կողմից մշակվող հինգերորդ սերնդի Kaan կործանիչների համար. դրանք ամերիկյան F-35 կործանիչների թուրքական այլընտրանքն են այն բանից հետո, երբ Անկարան հեռացվել էր F-35 կործանիչների ծրագրից ռուսական С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերման պատճառով։ Թուրքիայի կողմից 2019 թվականին ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերումը վատթարացրել է հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ՝ նշել էր, որ հուլիսի սկզբին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ կարող է որոշում կայացնել Թուրքիային ամերիկյան ռազմական մատակարարումների, այդ թվում՝ F-35 կործանիչների վերաբերյալ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նույնպես հայտարարել է, որ վարչակազմը դիտարկում է, թե ինչպես կարող է Թուրքիային վաճառել F-35 կործանիչներ։






















