ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, ով ցանկանում է կրկին զբաղեցնել  նախագահի աթոռը, երեկ հայտարարել է, թե ինքը կլքի իր պաշտոնն այն ժամանակ, երբ այլեւս չի զգա իր ժողովրդի աջակցությունը. «Եթե ես չզգամ ժողովրդի աջակցությունը, ես ոչ մի օր չեմ մնա իմ աշխատանքային գրասենյակում»: Ժամանակին բավականին հետաքրքիր քաղտեխնոլոգիաների կիրառմամբ իշխանության եկած Պուտինը վերջին տարիներին  արդեն անթաքույց կերպով ցույց է տալիս իր իրական` «կացնային» ռուսական մտածողությունը  եւ   վերադառնում է բոլոր ժամանակների  բռնապետերի սիրած` ժողովրդի աջակցության մասին չարչրկված պնդմանը: Տակավին վերջերս նույն կերպ ժողովրդի աջակցության մասին էին խոսում այդ ժողովրդի կողմից   դաժան եւ նսեմացուցիչ կերպով  սպանված Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին եւ սեփական դատավճռին սպասող Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը: Կարծես ժողովրդի աջակցության մասին  պնդումները բոլոր բռնապետերի վերջին  հանգրվանն է:
Այս առումով Հայաստանի ներկա եւ նախկին իշխանությունները համեմատաբար ավելի զուսպ են եղել: Համենայնդեպս, ժողովրդի աջակցությամբ սեփական իշխանությունը երկարաձգելու  ցանկությունը հրապարակավ պայմանավորել է միայն ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: 1995թ-ին, երբ հազարավոր մարդիկ հավաքվել էին նախագահականի առջեւ եւ պահանջում էին նրա հրաժարականը, ցուցարարների ներկայացուցիչ Արշակ Սադոյանին իր նստավայրում ընդունած Լեւոն Տեր-Պետրոսյանը արձագանքելով նրա պնդմանը, թե ժողովուրդը պահանջում է իր հրաժարականը, ուստի նա պարտավոր է հեռանալ, ասաց` բայց ես ունեմ ժողովրդի շատ ավելի մեծ մասի` մեկուկես միլիոնի աջակցությունը:
Ինչ խոսք, այդ փուլում դա այդպես էր: Ու, թերեւս նրա` 1998թ. իշխանությունից հեռանալը պայմանավորված էր նաեւ այն  հանգամանքով, որ ՀՀ առաջին նախագահը ներքուստ գիտեր, որ 96թ-ի ընտրություններից հետո ինքն այլեւս չունի ժողովրդի նախկին աջակցությունը: Որքան էլ այսօր տարբեր կողմերից փորձ արվի  նենգափոխել իրականությունը, անհնար է թերագնահատել Տեր-Պետրոսյանի` մեծ պետական գործչին վայել այդ  քայլը:
Հետագա տարիներին թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի կողմից պարբերաբար փորձ է արվել ուժով ստանալ ու ցուցադրել ժողովրդի աջակցությունը: Դրա  ցցուն օրինակներն են 2003թ. եւ առավել եւս` 2008թ. ընտրությունները: Ժողովրդի աջակցությունը բռնի ստանալու  առավել հիշարժան դրվագներից է այն, որբ 2008-ի փետրվարի 26-ին Հանրապետության հրապարակում ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի հավաքված նրան «աջակցող» հազարավոր քաղաքացիներ, հանրահավաքը դեռ չավարտված, շտապեցին Օպերա` միանալու Տեր-Պետրոսյանին: Ինչեւէ: Առաջիկայում կրկին համապետական ընտրություններ են, ու ժողովրդի աջակցությունը կրկին կաշառվելու է, ահաբեկվելու ու խաբվելու: Ու, վստահաբար, Հայաստանի «նորընտիր» իշխանությունը կրկնելու Պուտինի երեկվա խոսքերը. «Ժողովրդի աջակցությունը կա, թե ոչ` որոշվում է ոչ թե կայքերում, այլ քվեարկության արդյունքներով»:




Լրահոս