«ՀՀԿ-Ն ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը դիմել է աննախադեպ քայլի` հրաժարվելով թե՛ գյուղապետությունից, թե՛ Հանրապետական կուսակցության անդամությունից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցի ժամանակ Ռաֆիկ Աթայանը շրջապատված էր իրեն աջակցող գյուղացիներով եւ մարզային թղթակիցներով:  Հարցազրույցի ընթացքում  գյուղացիներից Գալուստը, իրենց նախկին գյուղապետից վերցնելով հեռախոսը, փոխանցեց, որ իշխող Հանրապետական կուսակցությունը Սյունիքում ցեղասպանություն է իրականացնում.  «Բարե՛ւ Ձեզ, եթե Դուք հայ եք, լավ կլիներ, ես կբացատրեի, որ 15 թվականի Եղեռնը, որ կատարեցին երիտթուրքերը, հիմա էս հանրապետականները, իշխող կուսակցությունը նույն ձեւի եղեռն են կատարում»:
-Պարո՛ն Աթայան, ո՞րն էր նման աննախադեպ քայլի` հրաժարականի եւ կուսակցական տոմսը հանձնելու պատճառը:
 -Պատճա՞ռը, ա՛յ ցավդ տանեմ, տեղական իշխանությունները պայմանագիրը երեկ դրել են առաջիս, որպեսզի ես ստորագրեմ:  (Խոսքը կառավարության 627-Ն որոշման մասին է, որով  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պետք է  տրվեն ՀՀ կառավարության 627-Ն որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված գյուղի հողերը-Ա.Դ.): Դուք կստորագրե՞ք: Դուք կստորագրեի՞ք, որ այդ պայմանագրով Ձեր տանից հանեին Ձեզ: Հարց եմ տալիս:
-Չէ՛, ուղղակի Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինները` մարզպետերը, գյուղապետերը, իշխանության հլու կամակատարներն են:
-Կամակատար չեմ եղել, ոչ էլ կլինեմ: Ես իմ հողը սիրում եմ, իմ ջուրը սիրում եմ, իմ գերեզմանների պատասխանատուն ես եմ, ժողովուրդն ինձ է ընտրել, ժողովրդին պատասխան տվողը ես եմ: Դուք եկե՛ք, իրականությո՛ւնը տեսեք, թե ինչ է կատարվում. ջուր չկա, գազ չկա, ամեն ինչը կտրած: Ես հրաժարական եմ ներկայացրել ճնշումների տակ, որովհետեւ ինձ ասում են` պտի ստորագրես, ես չեմ ստորագրել, ոչ էլ կստորագրեմ: Ինչի՞ս ա պետք էդ կուսակցությունը, ինձ տենց կուսակցություն պետք չէ:
-Դուք երբվանի՞ց եք ՀՀԿ-ի անդամ:
-98 թվականից:
-Իսկ բացի այս որոշումը, այլ բաներից դժգոհություններ ունեի՞ք. Ձեր քայլից երեւում է, որ ընդդիմադիր հայացքների տեր մարդ եք, ըմբոստ:
-Չհասկացա, գյուղի ճակատագրի հետ խաղո՞ւմ են: Գյուղացին ո՞ւր գնա, երեխաներին որտե՞ղ տանի: Ես էդ մարդկանց ո՞ւր տանեմ: Մենք պայքարելու ենք ու մեր հողը ոչ մեկին չենք տալու: Խնդրում ենք, որ վերացնեն էդ որոշումը:
-Ձեր կարծիքով, ո՞վ է այդ որոշման հետեւում կանգնած:
-Ո՞վ ա, Պերաշկին ա (նկատի ունի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին` Բուլկուն-Ա.Դ.), ո՞վ ա: Դուք չգիտե՞ք` ով ա կանգնած, մարդ, որ իր գրպանների համար պատրաստ է… պաժալույստա, էս գյուղը գյուղացիներով, գերեզմաններով, եկեղեցու, գյուղացու ունեցվածքի հետ տանք, մտցնի իր գրպանը: Թող ապաստան տան` գնանք Նախիջեւան, Թուրքիա:
-Պարո՛ն Աթայան, երբեւէ եղե՞լ է, որ ՀՀԿ-ի ցուցումով ընտրակեղծիքներ իրականացնեք:
-Չէ՛, Հանրապետականն ինձ չի ասել, որ ես կեղծիք իրականացնեմ, էդ կուսակցության հետ լավ ու վատ ապրել ենք, իսկ էսօր տեսնում ենք` բարոյականություն չկա…
Հենց այս խոսքի ժամանակ Աթայանին աջակցող քաջարանցիներից մեկը, ով հեռախոսով ներկայացավ` «Գալուստն ա», ասաց. «Բարե՛ւ Ձեզ, եթե Դուք հայ եք, լավ կլիներ, ես կբացատրեի, որ 15 թվականի Եղեռնը, որ կատարեցին երիտթուրքերը, հիմա էս հանրապետականները, իշխող կուսակցությունը նույն ձեւի եղեռն են կատարում: Եկե՛ք, տեսե՛ք»:
-Մարզպետն ինչո՞վ է զբաղված:
-Մարզպետը չեմ իմանում` ինչով է զբաղված, բայց ես գիտեմ, որ մարզպետը գյուղապետին սատարում ա, մարզպետն ի՞նչ կարող ա անի, եթե կառավարությունը չի խառնվում:
-Դուք ամբողջ գյուղի անունի՞ց եք խոսում:
-Ամբողջ գյուղն իր հետ է, անպայման, ու իրա հրաժարականը մենք չենք ընդունում: Մենք որ իրան ընտրել ենք, իրա հրաժարականն էլ մենք պետք է քննարկենք: Մենք հո չե՞նք թողնի, որ ինքը գնա:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս