Անկարայում շարունակվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրը Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը կտրուկ արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին հերթական հայտարարությանը՝ ընդգծելով, որ կղզին «վաճառքի ենթակա չէ»։
«Գրենլանդիան, իհարկե, վաճառքի ենթակա չէ։ Հույս ունենք, որ բոլորը, այդ թվում՝ մեր բոլոր դաշնակիցները, կհարգեն Գրենլանդիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Մենք ինքնիշխան պետություններ ենք, և անհրաժեշտ է, որ բոլորը հարգեն մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- հայտարարել է Ֆրեդերիկսենը՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների հանդիպումից առաջ։
Դանիայի վարչապետը նաև նշել է, որ իր երկիրը պատրաստ է պաշտպանել ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր թիզ տարածքը, այդ թվում՝ սեփական տարածքը, և վստահ է, որ դաշինքի անդամները կկատարեն միմյանց պաշտպանության վերաբերյալ իրենց պարտավորությունները։
Իսլանդիայի վարչապետ Քրիստրուն Ֆրոստադոտտիրն էլ հայտարարել է, որ Գրենլանդիան պատկանում է նրա ժողովրդին և կոչ է արել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պահպանել միասնականությունը արտաքին սպառնալիքների պայմաններում։
Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին պնդել էր, որ Միացյալ Նահանգները պետք է վերահսկողություն հաստատի Դանիային պատկանող ինքնավար Գրենլանդիայի նկատմամբ՝ վերակենդանացնելով այս հարցի շուրջ վաղեմի տարաձայնությունները։
Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է լիովին հավատարիմ մնալ դաշինքին և աջակցել է Թրամփի վարչակազմի վերջին ռազմական գործողություններին Իրանի դեմ։
Ռյուտեի խոսքով՝ ԱՄՆ-ի հարվածները պատասխան էին Իրանի գործողություններին, երբ Թեհրանը հարվածներ էր հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող երեք առևտրային նավերի։ «Կարծում եմ՝ ԱՄՆ-ի կոշտ արձագանքը բացարձակապես անհրաժեշտ էր»,- նշել է նա։
Գագաթնաժողովի գլխավոր թեման շարունակում է մնալ պաշտպանական ծախսերի ավելացումը։ Ռյուտեն հայտարարել է, որ Վաշինգտոնի պահանջը, ըստ որի՝ եվրոպացի դաշնակիցներն ու Կանադան պետք է պաշտպանության ոլորտում ծախսեն ԱՄՆ-ին համարժեք չափով, «լիովին արդարացի է»։
Անկարայում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։ Սպասվում է, որ Թրամփը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, որը կրկին կոչ է արել ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն տալ Ուկրաինային։ Նախատեսված է նաև ԱՄՆ նախագահի հանդիպումը Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաայի հետ։
Անի Վարդանյան



























