Armenian text to speach

Ստամբուլում ռուս ամուսիններին ձերբակալել են Այա Սոֆիայում Աստվածաշունչ կարդալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում ձերբակալել են ռուս ամուսինների, որոնք Այա Սոֆիա մզկիթում Աստվածաշունչ են ընթերցել։ Այս մասին հայտնում է ռուսական «Meduza»-ն՝ վկայակոչելով «Ostorozhno Novosti»-ի հրապարակումը։

Մոսկվայից Թուրքիա հանգստի մեկնած 35-ամյա Վիկտորյան և 32-ամյա Իգոր Ֆ.-ն հուլիսի 14-ին այցելել են Ստամբուլի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Այա Սոֆիա, որը պատմականորեն եղել է Սուրբ Սոֆիայի տաճար։

Ամուսինների խոսքով՝ այնտեղ Իգորը հանել է իր հետ բերած Աստվածաշունչը և սկսել ընթերցել։ Դրանից հետո նրանց շրջապատել են, դուրս բերել մզկիթի տարածքից և տեղափոխել Ֆաթիհի շրջանի ոստիկանական բաժանմունք։

Ըստ զույգի՝ կազմված արձանագրության մեջ նշվել է, որ նրանք կասկածվում են «բնակչության շրջանում ատելություն կամ թշնամանք հրահրելու» մեջ։

Ամուսիններին թույլ չեն տվել վերադառնալ հյուրանոց, իսկ ավելի ուշ նրանց տեղափոխել են օտարերկրացիների պահման կենտրոն՝ հնարավոր արտաքսման գործընթացի շրջանակում։ Կենտրոնը գտնվում է Ստամբուլի Առնավութքյոյ շրջանում։

«Ինձ և կնոջս առանձնացրել են։ Մենք երկար ժամանակ չենք կերել և մեզ շատ վատ ենք զգում»,– ասել է Իգորը։

Ռուսաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ դեպքով զբաղվում է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Դիվանագետները կապի մեջ են գտնվում զույգի փաստաբանի հետ։

Այա Սոֆիան կառուցվել է Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ի հրամանով և օծվել 537 թվականին։ 1453 թվականին Կոստանդնուպոլսի անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի։ 1930-ականներին այն դարձել է թանգարան, սակայն 2020 թվականին Թուրքիայի իշխանությունների որոշմամբ կրկին վերածվել է մզկիթի, և այնտեղ վերսկսվել են կրոնական արարողությունները։

Անի Վարդանյան




Լրահոս